«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին սխալ տեղեկություն են փոխանցել.FIP

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորները հոկտեմբերի 2-ին սխալ և մանիպուլյատիվ տեղեկություն են փոխանցել Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ խեղաթյուրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակի հարթակում հնչած ելույթները և համադրել դրանք Ազգային ժողովում վարչապետի հնչեցրած հայտարարությանը։

Այսպես, հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախ շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը, այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանին վերագրել են արտահայտություն, որը նա չի արել։

«Մարդը հրավիրում էր բոլորիս Ստեփանակերտ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, և շատ չանցած՝ հենց այսօր վերստին ասաց, որ Արցախը պարան է եղել մեր վզին, կապելու համար իրենց մոտակա ծառից»,— ասել է Բագրատ սրբազանը։

Ավելի ուշ ընդդիմադիր առաջնորդը նույնը պնդել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։ Երբ հարցազրուցավարը փորձել է սրբազանից հետաքրքրվել՝ արդյո՞ք նա լսել է վարչապետի խոսքը, շարժման առաջնորդը բացասական պատասխան է տվել։

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի վզին թոկ լինել-չլինելու պատմությունը Ազգային ժողովում նույն օրը երկար էր քննարկվել։

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր հետևյալը․ «Ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»։

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի նկատառմանը՝ «Մի՞թե հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել, Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասն էր», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ նա չի ասել, թե ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, այլ ասել է՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին։

«Ես չեմ ասել, որ ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին, և ընդ որում` նաև Հայաստանի ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայից, շարունակած ամեն ինչով, ամեն ինչը բացատրվում էր ընտրությունների կեղծիքով, ամեն ինչ բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում, էս ենք անում, հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվում»,- ասել է Փաշինյանը ու հավելել․ «ԼՂ հարցը չի՞ օգտագործվել որպես թոկ` այդ թվում այն երկրների և ուժերի կողմից, ում մենք համարել ենք կամ ուզում ենք համարել, որ պետք է երաշխիքներ տան, երաշխավորեն մեր անվտանգությունը: Մարդիկ իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորեն, մեր անվտանգությունը ո՞նց պետք է երաշխավորեն»:

Արձագանքելով Փաշինյանին՝ պատգամավոր Աննա Գրիգորյանն ասել է․ «Ասում եք ԼՂ հարցը թոկ էր Հայաստանի վզին, որպեսզի պետականություն չունենա։ Արցախի հարցն այս պահին ընդհանրապես քննարկման առարկա չէ ձեր կողմից, նույնիսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը չի քննարկվում, բայց մեջբերելով ձեզ, ասում եք առաջիկա տարիներին եթե մենք կարողանանք պահել պետականությունը, ինքնին դա ենթադրում է, որ մեր պետականությունը հարցականի տակ է, այսինքն Արցախի հարցը էլ չկա, բայց միևնույն է մեր պետականությունը հարցականի տակ եք դուք համարում, այսինքն դա կապված չէր Արցախի հարցի հետ, ճիշտ հակառակը՝ Արցախը մեր պատնեշն էր»։

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ասուլիսում նշել էր, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների խոսույթի շրջանակում իրատեսական չի համարում ԼՂ ժողովրդի վերադարձը, և ավելացրել․ «Այո՛, այդ խոսույթով և այդ ձևակերպումներով ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում»։

Այսպիսով, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ Արցախը պարան էր Հայաստանի վզին, սխալ է և մանիպուլյատիվ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ