Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը:

Տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։

Ընդ որում՝ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում (https://ombuds.am/am/site/ViewNews/3031)։

Ընդ որում` այդ սկզբունքներն ունեն այնպիսի կարևոր դերակատարություն ժողովրդավարական պետությունում, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելու, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը վերը նշված չափանիշներին հակասող եղանակով գնահատելու, նրա գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի։ Հակառակ դեպքում միջազգային չափանիշների խախտումները պետք է դարձվեն քննարկման առարկա:

Հավելենք, որ օրենքին համապատասխան՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի՝ մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին»։

Ավելի վաղ, ՄԻՊ-ը հրապարակմամբ էր հանդես եկել, նշելով, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները:

Ի պատասխան այս հայտարարության, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել էր.

«Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:

Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք, որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ