Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան

Փաստաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր Սիրունյանը համակարծիք է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հերթական ուշագրավ հայտարարության հետ, ըստ որի՝ նախկին նախագահները պետք է հայտարարեն հայաստանյան քաղաքական դաշտից իրենց հեռանալու մասին և իրապես հեռանան, և այդ դեպքում հնարավոր է՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժումը հաջողության հասնի:

Նրա դիտարկմամբ, սակայն, ո՛չ նրանց աջակցության և ո՛չ էլ չաջակցելու պարագայում շարժումը հաջողություն չի ունենալու:

«Նախ՝ ի սկզբանե զարմացած ենք եղել․ խորհրդարանում կռիվ տված, շիշ շպրտած ընդդիմությունը ինչո՞ւ էր հույսը դրել Բագրատ Գալստանյանի վրա։ Իրենք ընտրված մարդիկ են, իրենց վրա իբրև վստահ անձնավորություններ են, իսկ Բագրատը լուրջ մարդ չէ ու չի էլ եղել։ Առաջին օրվանից ես այդ շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է։ Երբևէ նրանից վտանգ չեմ տեսել ո՛չ Կառավարության, ո՛չ պետության հանդեպ։ Միշտ ասել եմ՝ Բագրատ, արի՛ մեր տուն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ բանախոսի՝ շարժման հետևում եղած անձինք փորձում են չհաջողված ակցիան պատվով մարել՝ մեղադրելով միմյանց՝ նախկին նախագահները՝ հոգևորականներին, հոգևորականներն էլ՝ նախագահներին։

Շիրակի թեմի առաջնորդի հայտարարություններից, ըստ Սիրունյանի, կարելի է նաև ենթադրել, որ երկու կողմի միջև արդեն իշխանակռիվ է սկսվել։ Ըստ նրա՝ Գալստանյանը հասկացել է, որ իրեն խաբել են, նախկիներն էլ ուզում են այլ կերպարներով նոր շարժում սկսել։

«Իրականում Աջապահյանը շատ խելոք բան է ասում․ նախկին նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից, այնպես, ինչպես հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը չի երևում։ Մեր ներքաղաքական դաշտը պետք է մաքրվի, զրոյացվի, եկող ընտրություններին այլևս նախկին չպետք է լինի։ Ես ցանկություն ունեմ, որ 2026 թվականին մենք ունենանք չորրորդ հանրապետություն։ Նախորդ 35 տարիների մասին էլ մեր դասագրքերում գրելու ենք՝ «մի վատ բան է եղել, որը չենք ուզում լուսաբանել, ամոթ է։ Գալստանյանն էլ կարող է վերադառնալ իր նախկին կյանքին՝ հավատքին, կամ ֆուտբոլիստ դառնա։ Երկուսն էլ հարգի մասնագիտություններ են»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ Սիրունյանը հոգևորականի նման հայտարարություններ անելը համարում է նաև պատասխան քայլ՝ կապված Մայր տաճարի վերաօծմանը վարչապետի մասնակցության հետ․ «Վարչապետը կարևոր քայլ արեց, գնաց արարողությանը, ասաց՝ «խելքի եկե՛ք, կանչեցիք, ես կարայի չգայի, բայց անձամբ եկել եմ, որովհետև այն, ինչ սարքել եք, մենք բոլորս նայում ենք դրան ժպիտով, սա ձեր նախկին երկիրը չէ», այսինքն՝ իրենք էլ հիմա փորձում են ասել՝ «խելքի ենք գալիս»։

Սիրունյանը պնդում է՝ Հայաստանում այս պահին իշխանափոխությունն անիրատեսակն է:

Մերի Խաչատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ