Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ հրապարակմանը:

«Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:

Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք, որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:

Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,- գրել է Կոստանյանը:

Ավելի վաղ, ՄԻՊ-ը հրապարակմամբ էր հանդես եկել, նշելով, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ