Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով հայերի շրջանում զոհեր և տուժածներ չկան

Իսրայելի կողմից Լիբանանին հարվածներ ուղղելու և ցամաքային ռազմական օպերացիա իրականացնելու հետևանքով Լիբանանում հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Լիբանանում գործող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը։

Վերջինս նշեց, որ գիշերը շատ բուռն հրթիռակոծում է տեղի ունեցել Բեյրութի հարավային թաղամասերի ուղղությամբ։ Իսրայելը թիրախավորել է «Հըզբոլլահի» ղեկավար կազմից մեկի գտնվելու հավանական վայրը։

Հրթիռակոծումների հետևանքով շենքեր են փլուզվել, կան ավերածություններ, սակայն տուժածների թվում հայեր չկան։ Գանդահարյանը նշեց, որ գուցե տեղահանվածների շրջանում մի քանի ընտանիք լինի, բայց զոհեր չկան, որովհետև հայերը հիմնականում բնակվում են ավելի հեռավոր շրջաններում։

Նա նշեց, որ հրթիռակոծումները շարունակվել են նաև այսօր, սակայն ավելի պակաս ինտենսիվությամբ։ Մարտեր են ընթանում սահմանին՝ «Հըզբոլլահի» և իսրայելական ուժերի միջև։ Լիբանանի բանակը, Գանդահարյանի փոխանցմամբ, այս մարտերին չի մասնակցում, սակայն երկու զոհ է տվել, քանի որ սահմանի այդ հատվածում հենակետ է եղել։

Ի դեպ՝ այսօր Լիբանան է ժամանել նաև Ֆրանսիայի արտգործնախարարը, որն առաջարկել է գործադրել ՄԱԿ-ի 1701 բանաձևը։ Այսպիսի առաջարկ է եղել նաև Լիբանանի կողմից։ Ըստ այդ բանաձևի՝ «Հըզբոլլահը» պետք է նահանջի Լիտանի գետից այն կողմ, և միաժամանակ Իսրայելն էլ պետք է դադարեցնի իր ուժային գործողությունները, չսպառնա Լիբանանին և հետ քաշի իր զորքերը որոշ հատվածներից, որոնք գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ։

Լիբանանում է եղել նաև Իրանի արտգործնախարարը և հանդես եկել նախաձեռնությամբ՝ իսլամական վեհաժողով գումարելու՝ Լիբանանին աջակցելու նպատակով։

Հստակ չէ, թե հրադադարի շուրջ բանակցություններ սկսվելո՞ւ են կամ՝ ե՞րբ են սկսվելու։

Հ.Գ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը նախատեսում է Լիտանի գետից հարավ ընկած շրջանը մաքրել բոլոր զինված խմբավորումներից՝ բացի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերից և Լիբանանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ