Հոգևորականի քաղաքական մուտքը պլանավորողները այլ պլաններ ունեն, որում Գալստանյանը չկա

Բագրատ Գալստանյանի՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի, Հանրային հեռուստաընկերությունից եթեր պահանջելու և նրա խոսույթի մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

Մեր զրուցակիցը նշեց, որ ոչ մի յուրօրինակ կամ անակնկալ բան տեղի չի ունեցել, ու մեծ առումով այնպես չէ, որ Հ1-ը կամ Հանրայինը եթեր չէր հրավիրել Բագրատ Գալստանյանին։

«Դա նման է նրան, երբ որ դու ուզում ես մի տեղ մտնես, դուռը բաց է, բայց դու ասում ես՝ դուռը փակ է, մինչդեռ ընդամենը պետք է դուռը հրել, ներս մտնել։ Այդ դուռը միշտ բաց է եղել, ուղղակի փորձում էին ներկայացնել, որ իրենց եթերներ չեն տալիս: Ես կարծում եմ՝ իրենց ակնկալիքն այն էր, որ իրենց կմերժեն այդ ուղերձի կամ եթերի հարցում, բայց ի զարմանս իրենց՝ եթերը տրվեց, ուղերձը հնչեցվեց, որում որևէ նոր բան չկար։ Նման դեպքում, երբ որ քաղաքական առաջնորդը, առավել ևս ընդդիմադիր առաջնորդը, խոսում է ուղերձներից, այդ ուղերձները պետք է հստակ մեսիջներ, հստակ ռազմավարություն, հստակ մարտավարություն, հստակ նպատակներ ներկայացնեն։ Դա պետք է լինի շատ պատճառաբանված քաղաքական տեքստ, և այս պարագայում մենք տեսանք, որ նախկին ելույթներից, բառապաշարից, ոճից, բովանդակությունից ոչնչով չէր տարբերվում Հանրայինի եթերում այդ 12-րոպեանոց ոչինչ չասող տեքստը»,- ասաց քաղաքագետը։

Էդգար Առաքելյանի խոսքով՝ պարզապես նրանք մտածեցին, որ եթեր չի տրամադրվի, գնացին, բայց եթեր տրամադրեցին և հերթական անգամ ցույց տվեցին, որ նրանք փաստացի չեն պատկերացնում այն ճանապարհը, որն ուզում են անցնել, և մեծ առումով մանիպուլացնում են հասարակությանը։

Բագրատ Գալստանյանը նաև հետևյալ հայտարարությունն է արել. «Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել։ Սա ուղղակիորեն ձեր հաղթանակն է, որը տեղի ունեցավ ձեր ճնշման շնորհիվ»։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ քաղաքագետն ասաց. «Բագրատ Գալստանյանին հաղթանակներ ենք պետք, թեկուզ փոքր, թեկուզ թվացյալ։ Քանի որ դեռևս ապրիլ-մայիս ամիսներից սկսված քաղաքական գործընթացի վերջնակետը դրվեց ամռանը՝ հունիսի 12-ին, և դրանից հետո շարժումն արթնացնելու, թարմացնելու կամ նոր շունչ տալու համար իրենց որևէ հաղթանակ է պետք, բայց իրականության մեջ դա ոչ մի հաղթանակ էլ չէր»։

Խոսելով նաև Գալստանյանի քրեական ենթամշակույթի բառապաշարով հռետորաբանության մասին՝ քաղաքագետն ասաց, որ «ցավալիորեն Բագրատ Գալստանյանի քաղաքական թատերաբեմ գալուց այս կողմ ես մտածում էի, որ այնուամենայնիվ հոգևորականը քաղաքական դաշտ կբերի կոռեկտ խոսք, հավասարակշռված խոսք, քաղաքական խոսք, հոգևորականին հարիր խոսք, որը նոր մշակույթ կլինի մեր քաղաքական դաշտում, սակայն Բագրատ Գալստանյանն իր բառամթերքով, բառապաշարով, գերազանցեց շատ աշխարհիկ քաղաքական գործիչների դատապարտելի բառապաշարին»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ