Բաքուն փորձում է կոնտեքստից հանել 35 տարի առաջ ՀՀ-ն լքած ադրբեջանցիների հարցը, որ նոր ագրեսիայի հող ստեղծի. Իոաննիսյան

Ադրբեջանը փորձում է կոնտեքստից հանել 35 տարի առաջ Հայաստանը լքած էթնիկ ադրբեջանցիների հարցը, որպեսզի հող ստեղծի Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար, որն անվանում են «Արևմտյան Ադրբեջան:

Այս մասին հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Վարշավայում անցկացվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի վարած հայատյացության քաղաքականությանը և Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու նախապատրաստմանը՝ շահարկելով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզը:

«Ինչպես արդեն ասվել է, Լեռնային Ղարաբաղի հայերի ավելի քան 99․9 տոկոսը լքել են իրենց տները, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել ԼՂ-ն 2023 թվականի սեպտեմբերին իր կողմից ձեռնարկված լայնածավալ և նախապես ծրագրված ռազմական հարձակումից հետո:

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ փախստական է դարձել։ Նրանք թողել են իրենց տները, իրենց ողջ ունեցվածքը՝ վերցնելով ընդամենը այն, ինչ կտեղավորվեր իրենց մեքենաներում։

Ցավոք, տեսանելի ապագայում նրանք չեն կարող հետ գնալ, քանի որ հայատյացությունը Ադրբեջանում լայն տարածում ունի։ Անզեն քնած հային սպանելը հերոսություն է համարվում։ Այդ 100 հազար մարդկանցից ոչ մեկն անգամ չի փորձել գնալ իր տուն՝ վերցնելու իր թողած ունեցվածքը։

Freedom House-ի և իրավապաշտպան այլ կազմակերպությունների մեր գործընկերները շատ մանրամասն զեկույց են պատրաստել, թե ինչպես են կազմակերպվել էթնիկ զտումները և ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել։ Նրանք զեկույցը կներկայացնեն իրենց զուգահեռ միջոցառման ժամանակ այստեղ՝ լիագումար նիստերի այս դահլիճում, երկուշաբթի, ժամը 16:00-ին:

Տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանական կառավարության կողմից ձևավորված որոշ ՀԿ-ներ խոսում են էթնիկ ադրբեջանցիների մասին, որոնք լքել են Հայաստանը 30 տարի առաջ, բայց նրանք լռում են էթնիկ հայերի մասին, որոնք այդ օրերին լքել են Ադրբեջանը: Նրանք նշել են, որ Ադրբեջանում հազարավոր հայեր են ապրում, բայց դա բացարձակապես ճիշտ չէ։

Զավեշտալի է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններ են անում, որոնք հակասում են իրենց պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։ Հենց նոր իրենց պաշտոնական կայքում գտա, որ 35 տարի առաջ Ադրբեջանում բնակվող կես միլիոն հայերից այժմ մնացել են ընդամենը 200-ը։ Ոչ թե 200 հազարը, այլ ընդամենը 200-ը:

Եվ դա Ադրբեջանում ապրող հայերի ջարդերի արդյունքն է։ Մասնավորապես, 1988 թվականին Սումգայիթում և 1990 թվականին Բաքվում։ Հայաստանում ադրբեջանցիների հետ նման բան երբեք չի եղել։

Իհարկե, ես կցանկանայի տեսնել այնպիսի միջավայր, որտեղ էթնիկ հայերը Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից և Ադրբեջանի այլ շրջաններից, էթնիկ ադրբեջանցիները Հայաստանից և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարող են վերադառնալ իրենց տները կամ, գոնե, տեր կանգնել իրենց ունեցվածքին, այցելել իրենց ընտանիքի անդամների գերեզմանները։

Բայց դրա համար Ադրբեջանը պետք է դադարեցնի պետականորեն աջակցել հայատյացությանը, Ադրբեջանը պետք է հանդես գա որպես իրական խաղաղասեր և Ադրբեջանը պետք է սկսի հարգել մարդու իրավունքները։

Բայց դա այն չէ, ինչ նրանք ուզում են անել: Նրանք փորձում են կոնտեքստից հանել 35 տարի առաջ Հայաստանը լքած էթնիկ ադրբեջանցիների հարցը, որպեսզի հող ստեղծեն Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար, որն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»,- ասել է Իոաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ