Որքան շատ միջազգային հարթակներում նշենք, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, այնքան քիչ կլինի դրա հավանականությունը. Դավիթ Ստեփանյան

«Փաշինյանի և Միրզոյանի հայտարարությունները բխում են Ադրբեջանի մոտ դեպի խաղաղություն գնալու և խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամադրվածության բացակայությունից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ղեկավարության այն հայտարարություններին, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ըստ նրա՝ բոլորին՝ այդ թվում մեր երկրի ղեկավարությանն էլ պարզ է, որ խնդիրն այդտեղ է. «Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, ապա այստեղ քաղաքականությունը ճիշտ է տարվում, որքան շատ մենք միջազգային հարթակներում նշենք, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, այնքան քիչ կլինի այդ հարձակման հավանականությունը: Տարվող քաղաքականությունը բավականին կիրթ է: Այնուամենայնիվ, հավանականությունը շատ ցածր է, որ Ադրբեջանն այս տարի կհարձակվի Հայաստանի վրա, դա իմ կանխատեսումն է»:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե որն է Ադրբեջանի որդեգրած ներկայիս քաղաքականության պատճառը՝ քաղաքագետը նշեց. «Չմոռանանք Պուտինի Բաքու այցի մասին, չմոռանանք, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն ունեն շատ խորը նույնականացված շահեր այս հարցում, չմոռանանք, որ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Ռուսաստանին խաղաղություն պետք չէ: Տրամաբանությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է ժամանակ ձգել, որպեսզի ունենա ավելի բարենպաստ պայմաններ կա՛մ հարձակման համար, կա՛մ հետագայում բանակցային դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Դրա համար եմ ասում, որ այս տարի պատերազմ չի լինելու»:

Խոսելով Ադրբեջանի կողմից հնչող նոր հայտարարությունների ու առաջ քաշվող պահաջների մասին՝ Ստեփանյանն ընդգծեց. «Ադրբեջանի քաղաքականության հիմքում ընկած է ձգտում՝ Հայաստանին մեղադրել ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ և այդ գործընթացը վաղուց է սկսվել: Հաջիևի, Ալիևի, Բայրամովի հայտարարություններն այդ մասին են: Նրանք փորձում են, խեղաթյուրելով իրականությունը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և համաձայն՝ մեղադրել Հայաստանին մահացու մեղքի մեջ: Այլ երկրի տարածքների օկուպացիան, այն էլ այսօրվա պայմաններում՝ մահացու մեղք է և բոլորը գիտեն, որ Հայաստանը երբևիցե մեկ սանտիմետր ադրբեջանական տարածք չի օկուպացրել և աշխարհում չկա որևէ երկիր, որը Հայաստանին ճանաչել է օկուպանտ երկիր, խնդիրն այստեղ է: Հիմա նրանք փորձում են իրականությունը խեղաթյուրել և մեղադրել Հայաստանին օկուպացիայի մեջ այն դեպքում, երբ իրական օկուպանտն Ադրբեջանն է՝ նրանք ՀՀ-ի 200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք են օկուպացիայի տակ պահում: Միջազգային իրավունքի համաձայն՝ փորձում են այդ մեղադրանքը ներկայացնել մեզ և հիմա հող են նախապատրաստում դրա համար: Սա լոկ հայտարարություն չի, այլ հստակ ձևակերպված քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ»:

Անդրադառնալով ՀՀ իշխանության՝ խաղաղության պայմանագիրը ներկայումս համաձայնեցված հոդվածներով ստորագրելու առաջարկին՝ մեր զրուցակիցը նշեց. «Որպես տարբերակ, դա ընդունելի է, բայց այլ հարց է, որ ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանն այդ ճանապարհով չի գնա, նրանց պետք չէ խաղաղության փաստաթուղթ, որպեսզի նրանք ունենան հնարավորություն՝ վաղը հերթական ագրեսիան իրականացնելու Հայաստանի նկատմամբ: Ալիևին պետք է հայ՝ որպես թշնամի, ի՞նչ պետք է Պուտինին ասի՝ ես հայերի հետ խաղաղություն եմ ստորագրել, չի կարող նա այդ քայլին գնալ: Այդ երկու ֆունդամենտալ պատճառներն են, որոնք հակասության մեջ են մտնում խաղաղության պայմանագրի գաղափարի հետ, դրա համար էլ չի ստորագրում: Ընդհանուր առմամբ, հայկական առաջարկը վատը չէր մեզ համար, ուղղակի պարզ է, որ դա չի աշխատելու գոնե այս փուլում, եթե իրավիճակ չփոխվի, եթե ԱՄՆ-ի ճնշումը չուժեղանա»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, արձագանքում է ստեղծված իրավիճակին. «Ես տեսնում եմ արձագանք ԱՄՆ-ից, տեսնում եմ ԱՄՆ-ի հանձնառությունը շարունակել հայ-ադրբեջանական հարաբերությունների մոդերացիան: Պետք է սպասենք ընտրություններին և այս առումով շատ լավ ցուցիչ էր այն հերթական հանդիպումը, որը Նյու Յորքում կազմակերպեց Բլինքենը՝ Բայրամովի և Միրզոյանի մասնակցությամբ: Դա խոսում է այն մասին, որ նույնիսկ այս ընտրական շրջանում ԱՄՆ-ում շատ մեծ նշանակություն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սա իրականում շատ դրական ցուցիչ էր»:

ՀՀ իշխանությունն էլ՝ ըստ Ստեփանյանի, պետք է քայլերի կոմպլեքս իրականացնի. «Ճանապարհը՝ դեպի ԵՄ գնալն է, մենք պետք է կանգնենք այդ ճանապարհի վրա, որովհետև այդ ճանապարհի վրա կանգնելն արդեն բարձրացնում է մեր անվտանգության մակարդակը: Երկրորդ՝ մենք պետք է Ադրբեջանի նկատմամբ կիրառենք զսպող քաղաքականություն, այսինքն, եթե Ադրբեջանը ասում է՝ դուք օկուպանտ երկիր եք, մենք պետք է հայտարարենք, որ մենք ոչ միայն օկուպանտ չենք, այլ օկուպանտն Ադրբեջանն է և այստեղ կան բազմաթիվ փաստեր, շատ կարևոր է դրա մասին խոսել: Երրորդ ճանապարհը՝ սեփական կարողությունների բարձրացումն է, ինչն արվում է: Ամենակարևորը՝ մենք պետք է ստեղծենք ռազմաքաղաքական ալյանսներ այլ երկրների հետ, այդ երկրներն են՝ Ֆրանսիան, Իրանը, Հունաստանը: Միայն խաղաղություն ասելով խաղաղություն չի լինելու»:

Ստեփանյանը շեշտեց՝ Ադրբեջանը կգնա խաղաղության միայն պարտադրանքի միջոցով. «Մենք պետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ ու կկնքի պայմանագիրը: Այդ հույսն օդից չի լինում, պետք է գործենք, եթե այն ուղղությունները, որոնց մասին ես ասացի, այդ ուղղություններով գնանք, այո, դա հնարավոր է: Ադրբեջանի հետ հնարավոր է հասնել խաղաղության միայն մեկ ճանապարհով՝ պարտադրելով, բայց ոչ պատերազմի միջոցով, պատերազմը մեզ համար փակ էջ է, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ