Հոկտեմբերի 3-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում:
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ գյուղ կժամաներ ոստիկանության խումբը, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Քիչ ուշ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել է հրազենային վնասվածք:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, Արթուր Զ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, ով կասկածանքով ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի («Դուշման Կարո») ապօրինի որդին է, իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: