ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Վանաձորում 48 բնակարանների բանալիներ է հանձնել սպաների ընտանիքներին

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Վանաձորում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարարն անձամբ է հանձնել 48 բնակարանների բանալիները:

Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:

Բանալիների հանձման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վանաձորի քաղաքապետը, Լոռու եւ Տավուշի մարզպետները:

48 բնակարանից 2-ը լինելու է որպես սպայական հանրակացարան, մյուսները անհատույց տրամադրվեցին սպաներին: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 320 մլն դրամ:Դավիթ Տոնոյանը ողջունելով ներկաներին՝ վստահեցրեց որ պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել զինծառայողների կենցաղը բարելավելուն ուղղված ծրագրերը: Արդեն իսկ բնակարանների տրադրման համար իրականացվող ծրագրի ուղղությունները 3-ն են՝ մատչելի հիփոթեկային վարկեր, բնակարանների կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, եւ այն պարտքը, որը պետությունը երկար տարիներ ունի իր զինծառայողների նկատմամբ ժամանակի ընթացքում ամբողջությամբ կմարի:

Լրագրողների հետ զրույցում Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, և պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները. «Բարոյահոգեբանական վիճակն է ամրապնդում, սոցիալական խնդիրներ է լուծում, ինչպես տեսաք՝ փայլ կա մեր զինծառայողների աչքերում, ընտանիքն է ամրապնդվում, եւ որ ամենակարեւորն է՝ զինծառայողները գնահատված են իրենց զգում»,-ասաց նախարարը՝ նշելով, որբ երբ զինծառայողը զգում է հոգատար վերաբերմունք, ավելի մեծ նվիրումով է ծառայում:

Ներկաները շրջեցին բնակարաններով, ծանոթացան պայմաններին, շնորհավորեցին տանտերերին: Նախարարը վստահեցրեց, որ նման ծրագրեր հանարապետությունում էլի են լինելու, որպեսզի թեթեւացնեն զինծառայողների կենցաղային հոգսերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ