Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գոհ չէ Հանրայինի ուղիղ եթերում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի ուղերձից:

«Որ ասեմ գոհ եմ, սուտ ասած կլինեմ, այնտեղ իր ելույթի մեջ զգացվում էր հուզականություն և մի քիչ սթափության պակաս, ցավոք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է նա:

Հարցին՝ կես ճանապարհից հետ կանգնել հնարավոր չէ՞, եթե տեսնում եք, որ չի ստացվում, Միքայել Սրբազանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ Սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար:

Եվ երկրորդ, և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Եվ երկրորդ նախագահը, և իր որդին պետք է հայտարարեն և փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ:

Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պետք է դա հասկանան: իսկ իրենք անում են հակառակը, փորձում են Բագրատ Սրբազանի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ առանց մեզ ոչինչ էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում»:

Միքայել Սրբազանը համոզմունք է հայտնել, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի. «Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ Սրբազանը դրա ընկալումը չունի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ