Նա պարզապես պատկերացնում չունի՝ ինչ է գրված 9-րդ կետում, անգամ Ալիևի ելույթները չի լսում. քաղաքագետը՝ Գալստանյանի մասին

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Առաջին ալիքի եթերում հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչը հաճախ պնդում են ռուսական և ադրբեջանական կողմերը: Հայաստանի իշխանությունն էլ բազմիցս հայտարարել է, որ տվյալ հայտարարության մեջ նման կետ գոյություն չունի:

Իր ասուլիսներից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ կապված շահարկումներին, նկատել էր. «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ, ըստ 9-րդ կետի, երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքում: Եռակողմ հայտարարությունում նման բան գոյություն չունի: Ընդհակառակը, գրված է, որ Հայաստանն է երաշխավորում, որ անվտանգություն ապահովվի: Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ձևակերպում, որ ՀՀ տարածքի որևէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից և որևէ երրորդ կողմ, մասնավորապես՝ ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն: Շատ կարևոր է, որ այս կետի մեկնաբանությունն արտահայտված է ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 10-ի թե 11-ի հրամանագրի մեջ, որտեղ հանձնարարություն է գրվում ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ: Այսինքն՝ սուբյեկտը, որ ապահովում է տրանսպորտային կապը, Հայաստանն է»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Գալստանյանի հայտարարությունը կանխամտածված չի համարում: Նա կարծում է, որ Գալստանյանը իրականում պատկերացում չունի, թե ինչ է գրված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։

«Նա պարզապես մարդ է, որը հաշիվ չի տալիս ու չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսում։ Դա չի վերաբերում միայն նոյեմբերի 9-ի մասին արված հայտարարությանը, այլ ողջ եթերի ժամանակ հնչեցրած իր խոսքերին, ուղերձին, որի նախադասությունները հայերեն չէին, անհասկանալի էր, թե ինչպես է կառուցում դրանք: Ակնհայտորեն թողնում էր իրավիճակին անծանոթ մարդու տպավորություն: Նա փորձում էր խուսափել հարցրին պատասխանելուց, քանի որ տեղյակ չէր զարգացումներից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը նկատում է՝ Գալստանյանի խնդիրը ոչ թե նոյեմբերի 9-ի հայտնի կետի մասին հայտարարություն անելն էր, այլ այն, որ ցույց տա, թե իբրև միջանցք կա․ «Ինչպես խոստովանեց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է իրականում եղել վարչապետի խոսքը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ (-Խմբ. Գալստանյանը Հանրայինի եթերում ասել է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԼՂ-ն պարան է եղել Հայաստանի վազին: Իրականում Կառավարության ղեկավարն ասել է՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ ՀՀ վզին, ընդ որում՝ նաև ՀՀ ներսում), և որ դրա վերաբերյալ միայն վերնագրեր է կարդացել, նույն դեպքում էլ 9-րդ կետի հետ է եղել։ Կարդացել է այն վերնագրերը, որոնք եղել են միայն ընդդիմադիր լրատվամիջոցներում, և որոնցով խեղաթյուրվել է իրականությունը, որտեղ ցույց է տրվել, թե իշխանությունը վատ է աշխատում: Բնական է, որ նման լրատվամիջոցներում էլ այդ հայտարարության մասին «միջանցք» էր գրված լինելու»։

Ըստ քաղաքագետի՝ թեև Գալստանյանը ադրբեջանական նարատիվ է հնչեցրել, սակայն կարելի է ենթադրել, որ նա նույնիսկ Ադրբեջանի հայտարարությունները չի ընթերցում, չի լսում Ալիևի ելույթները, այլ նայում է, թե տվյալ ելույթների, հարցազրույցների վերաբերյալ ինչ վերնագրեր են գրված լինում ընդդիմադիր մամուլում, դրանց հիման վրա էլ մտքեր, հայտարարություններ է անում․ «Այս անձնավորությունը սեփական մոտեցում չունի որևէ հարցում, ինչ կողքից լսում է, կրկնում է։ Նման է այն փորձագետներին, որ վերնագրեր են կարդում ու դրանից ստացած տպավորությունների հիման վրա վերլուծություններ հրապարակում»։

Զրուցակցը համոզված է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հայտարարելու հանգամանքը Ադրբեջանը և Ռուսաստանը օգտագործելու են:

«Երկու կողմերն էլ մեծ անհամբերությամբ սպասում են, որ հավաքեն նման տեղեկություններ հայաստանյան հանրային դաշտից, հետո կներկայացնեն, թե ՀՀ ընդդիմությունն է այդ մասին խոսում, որ ՀՀ ընդդիմությունը համաձայն է իրենց մեկնաբանության հետ, և որ միայն Հայաստանի իշխանություններն են մանիպուլացնում 9-րդ կետը»,- ասում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ