Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը:

Տեղի ունեցած Կառավարության նիստում ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, օրակարգային այս հարցով տրամաբանորեն ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը:

«Ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկրորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը, ինչպես նաև տեխնիկական պահանջները»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարարը նշել է, որ առկա է միջազգային բարձր հեղինակություն ունեցող 3 որակավորված հայտատու, որից երկուսը կոնսորցիում, մեկը՝ անհատ կազմակերպության ձևաչափով։

«Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պետք է բանակցություններ վարեինք այս 3 որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում: Նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել, և սրա արդյունքներով այսօր քննարկմանը ներկայացված է պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից՝ իրագործելի է, իսկ մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 8-ին, գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը։

«Հոկտեմբերի 10-ին արդեն մենք կհանրայնացնենք այս տեղեկատվությունը, դրանից հետո արդեն մասնակիցները հնարավորություն կունենան հայտերը ներկայացնելու: Եվ հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հայտատուները ունեն հնարավորություն։ Հունվարի 11-ից սկսած մենք արդեն սկսելու ենք բուն գնահատման պրոցեսը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և, ըստ էության, 80 օր ժամկետ ունենք, որպեսզի կարողանանք ամփոփել ամբողջական տվյալները։ Մենք գնահատելու ենք երկու կոմպոնենտ՝ որակ և գին», — ասել է ՆԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ առաջնահերթությունը տրվելու է որակին:

2025 թվականի մարտի վերջին կլինի հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացրած առաջարկների, և վերջինիս կտրվի ժամանակահատված՝ ենթակառուցվածքը ներդնելու և արտադրությունը սկսելու համար:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ պրակտիկ առումով բիոմետրիկ անձնագիրն անձի նույնականացման առումով կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել նաև այլ պետությունների հետ։

«Այս նոր համակարգը թույլ կտա հստակ բիոմետրիկ տվյալների հավաքման և համադրման արդյունքում կրճատել այն հերթերը, որոնց մեր քաղաքացիները բախվում են օդանավակայաններում, արագ սպասարկում ունենալ: Եվ ի վերջո հասնել նրան, որ տարբեր երկրների միջև փոխգործակցության արդյունքում ավելի արժանապատիվ ճանապարհորդելու իրավունք կկարողանան մեր քաղաքացիներն ունենալ։ Սա նաև տալիս է շատ լավ նախադրյալ՝ ունենալու էլեկտրոնային կառավարման «գեյթ» ասվածներով անցնելու հնարավորություն, որովհետև անձինք կարող են անձը հաստատող այս փաստաթղթերով շատ արագ, առանց անգամ սահմանապահի հետ հաղորդակցության, անցնել սահմանային անցման կետերը»,- նշել է փոխնախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ