Սյունիքի տուրիստական հոսքի այս տարվա պատկերը

Տուրիստական ի՞նչ հոսքեր են արձանագրվել Սյունիքի մարզում ընթացիկ ամիսներին, արդյո՞ք անվտանգային առկա ռսիկերն ազդել են մարզի տուրիստական գրավչության վրա։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Zarkerak.am-ը հարցում ուղարկեց Սյունիքի մարզպետի աշխատակազմ։

Մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ թեև մարզպետարանը զբոսաշրջիկների հոսքի վերլուծություն չի իրականացնում, սակայն զբոսաշրջային խոշոր ենթակառուցվածքների հոսքի վերլուծությամբ կարելի է ենթադրել, որ 2022-2024թթ-ի ընթացքում զբոսաշրջիկների թվի զգալի փոփոխություն տեղի չի ունեցել։

Օրինակ՝ «ՏաԹևեր» ճոպանուղու այցելուների ցուցանիշը 2022-2024-ին գրեթե չի փոխվել՝ մնալով 86 հազարի սահմանում։

Տեղեկացրեցին նաև, որ, ըստ ունեցած տվյալների, մարզում գործում է 118 հյուրանոցային տնտեսություն՝ մոտ 3500 անկողնային հզորությամբ, առավել շատ հյուրանոցային տնտեսություններ առկա են Գորիս և Տաթև համայնքներում։

Հետաքրքրվել էինք նաև, թե մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով ինչ քայլեր են իրականացվում վերջին շրջանում։  Նշեցին, որ մարզում ներկա պահին իրականացվում են զբոսաշրջային մի քանի խոշոր ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի բարելավում, «Զորաց քարեր» հուշարձանի մերձակա տարածքի բարեկարգում, Մեղրու Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում և այլն։

Հայտնեցին նաև, որ մշակվել է ՀՀ զբոսաշրջության ոլորտի կլաստերայի զարգացման հայեցակարգը, որում ներգրավված են  Գորիսի և Մեղրիի կլաստերները։

Նշվեց, որ 2023-ից մեկնարկած Երևանից Կապան շաբաթական երեք անգամ կանոնավոր թռիչքները ևս կարող են զբոսաշրջային ոլորտի զարգացման խթան հանդիսանալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ