Գալստանյանն ինքն իրեն բազմապատկել է զրոյի և հավասարվել է զրոյի. հույս ունենք, որ իրենց հաջորդ սեզոններին չենք տեսնի. Ռուբեն Մեհրաբյան

«Սա իհարկե, հաղթանակ էր 5-րդ շարասյան և 6-րդ պալատի նկատմամբ և դա արտացոլվեց այն իրողությամբ, որը մենք տեսանք երեկ երեկոյան: Հույս ունենք, որ իրենց հաջորդ սեզոններին այլևս չենք տեսնի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին՝ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Խոսելով Գալստանյանի Հանրային հեռուստաընկերությունից ուղիղ եթերում հնչեցրած ուղերձի և իրեն ուղղված հարցերին չպատասխանելու մասին՝ Մեհրաբյանն ասաց. «Այս ամենն ընդամենն ամրապնդեց այն, ինչն արդեն ձևավորվել էր մինչև այդ: Բագրատ Գալստանյանը եկավ դա ամրապնդելու և Հանրային հեռուստաընկերությունն էլ նրան այդ հնարավորությունը տվեց: Ես չգիտեմ ուղերձն ինչի մասին էր, որովհետև այդ դատարկ բառակույտի մեջ բովանդակություն փնտրելն իմաստ չունի: Գալստանյանն ինքն իրեն բազմապատկել է զրոյի և հավասարվել է զրոյի: Եթե պատասխաններ ունենար, կպատասխաներ»:

Մեհրաբյանի խոսքով՝ շարժում գոյություն չունի, դա Հայաստանի հետ կապ չունեցող և Հայաստանի դեմ աշխատող մի փոքր խմբակ է և մի քանի հարյուր մոլորյալներ. «Հնարավոր է այլ առաջնորդ բերեն, բայց դա ոչինչ չի փոխի: Սա արդեն միանգամայն վառված նախագիծ էր և քաղաքական պրոյեկտ, որն ամբողջությամբ սնանկ է: Շարժման ոգեշնչումը, ուղղորդումը, նաև օրակարգի տրամադրումն ու օրակարգի կոորդինացումն ուղղակի ակնհայտ են»:

Անդրադառնալով նաև Գալստանյանի այն պնդմանը, որ իրենք ծրագիր ներկայացրել են՝ Մեհրաբյանն ասաց. «Հաշվի առնելով, թե որ կոնտիգենտն է այնտեղ, միևնույն է ծրագիր կա, թե չկա: Շարժման բովանդակությունն ամենաստորաքարշ ձևով ռուսական շահերն ընդդեմ Հայաստանի առաջ տանելն է և այստեղ իրենց փոքրիկ լափամանային բաժինը պոկելը, ուրիշ հարց չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ