Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։

«Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից, և տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլ ներկայացվել է ՊԵԿ-ի կողմից։ Իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի՝ առանձնացրել էինք տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սույն նախագծով առաջարկում ենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռարկատիրության աջակցության ծրագրում ավելացնել նոր միջոցառում, այն է՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման ծրագիր, որի իրականացման համար հատկացնել 300 մլն ՀՀ դրամ։ 300 մլն դրամ բյուջեն հավասարաչափ բաշխվում է 3-րդ և 4-րդ եռամսյակների միջև, իսկ շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ150»,- նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ