«Ռազ ուժ արգելում են ծանոթանալ, զնաչիտ երկիրը իսկապես ծախում են»․ Խաղաղության փաստաթուղթը՝ ընդդիմության ինֆոտեռակտի թիրախ

ՀՅԴ-ն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների «հիշեցման և երեստվանքի երեկոյի» վերածել։ Ինչ խոսք, հաճելի է, երբ ընդդիմությունը, այն էլ՝ ռադիկալ, այն էլ՝ իշխանափոխության մուրազի վրա, այդչափ ուշադիր է և մեկիկ-մեկիկ ֆիքսել ու սերտել է Փաշինյանի բոլոր ելույթներն ու այսօր կարող է ցիտել ու վերացիտել։

Դաշնակցությունը դաշնակցություն չէր լինի, եթե նորից և վերստին չշահարկեր Լեռնային Ղարաբաղի, «Եռաբլուր»-ում հանգչող զոհերի թեման և հոլովեր իր սիրելի, պաշտելի բառը՝ «կապիտուլյացիա»։ Փաստորեն, ՀՀ հարկատուներս այս մարդկանց վճարում ենք ոչ թե խորհրդարանական աշխատանքի, այլ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, որոնողական համակարգերի, ասենք, «Գուգլ»-ի, «Յութուբ»-ի ֆունկցիաներն իրենց վրա վերցնելու համար։ Այն է՝ քրքրել արխիվն ու իրենց հաճո, մանիպուլյացիայի իրենց հասանելիք օրվա դոզան ապահովելու համար մեջբերումներ անել, ապացուցել, որ ա՛յ, դո՜ւ, Նիկոլ Փաշինյան, ժամանակին սենց, սենց բաներ էիր ասում, բայց եղավ սենց, սենց, սենց․․․Դե հիմա պատասխան տուր, թե ինչո՞ւ եղավ սենց, այլ ոչ թե սենց, եթե ասում էիր սենց․․․․Այս՝ «սենց էիր ասում, բայց սենց» խոսույթն, ի դեպ, վերաբերում է 44օրյա պատերազմից առաջ և հետո արված հայտարարություններին։ «Յութուբ»-ի ֆունկցիան կատարող ընդդիմադիրներին, ի դեպ, «սենց էիր ասում»-ի մասով կոնստրուկտիվ առաջարկ ունենք՝ հիշեք, թե ինչ էիք ասում Սերժ Սարգսյանի ժամանակ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, մասնավորապես՝ «Մադրիդյան սկզբունքների», և ինչ եք ասում հիմա նույն այդ տխրահռչակ սկզբունքների մասին։ Եթե գլխապտույտ ու փսխում չունենաք, ապա շարւնակեք ընթերցել սույն նյութը։

Եվ ուրեմն, քանի որ վերջին շրջանում ակտիվ են քննարկումները խաղաղության փաստաթղթի շուրջ, բնականաբար, ՀՅԴ-ի քարոզչական թիրախում այս թեման էր, առաջադրանքը՝ փաստաթղթի կետերի վերաբերյալ կոնսպիրացիայի մթնոլորտի ձևավորումը։ Ինչպես հայտնի է, ընդդիմության որոշ ներկայացուցիչների, մասնավորապես Արթուր Խաչատրյանին, Քրիստինե Վարդանյանին և ընդդիմադիր այլ պատգամավոների, հնարավորություն էր տրվել ԱԳՆ-ում գաղտնիության ռեժիմի պայմաններում ծանոթանալ փաստաթղթին, մասնավորապես՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փոխանակվող և պարբերաբար վերամշակվող ու լրացվող առաջարկներին։ Մինչդեռ սույն պատգամավորները որոշեցին այս՝ գաղտնապահություն ենթադրող գործընթացն էլ շոուի վերածել՝ իրենց հատուկ ոճով գուժելով՝ «ով հայ ժողովուրդ, քո ընտրած իշխանությունը քո իսկ թիկունքում հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է քննարկում, արդ, զգոն եղիր, ոտքի ելիր, ձեռքը բռիր, ոտքից քաշիր, կարճ ասած՝ քշիր նրան, բեր մեր պես «շուստրի», խելոք, հայրենասեր տղաներին ու աղջկներին, և մենք մեր հերթին քեզ կբերենք քե՛զ արժանի, այսինքն՝ արժանապատիվ խաղաղություն»։ Թե ինչ է ենթադրում «արժանապատիվ խաղաղությունը», կարելի է եզրակացնել՝ ՀՅԴ-ի 004 սկանդալային շրջաբերականի բովանդակությունը վերհիշելով։ Նկատենք, որ մասնավորապես ս․թ․ հունվարին Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում ԱԺ իր ընդդիմադիր գործընկերների (Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի և Արթուր Խաչատրյանի) անունից հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր․ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։ Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»:

Հընթացս նկատենք, որ նախքան այս հայտարարությունը 2023-ի տարեվերջին, ընդդիմության պատգամավորները հնարավորություն էին ստացել ծանոթանալ փաստաթղթի «դրաֆթ»-ին՝ «սևագրությանը», և այդ ծանոթությունը, ինչպես և կանխատեսվում էր, որոշվեց օգտագործել «Հայաստան» խմբակցության մարզային այցելությունների ժամանակ ժողովրդին սպասվող նոր «արմագեդոնի» մասին «զգուշացնելու» և ահաբեկելու նպատակով։ Մասնավորապես Իշխան Սաղաթելյանը երբ իր գործընկերների շքախմբով այցելել էր հայրենի եզերք՝ Գեղարքունիքի մարզ, տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես հայտարարել էր․ «Ամեն օր խոսվում է «խաղաղության» պայմանագրի մասին. սկսել են իրենց ամբողջ թիմով ժողովրդին համոզել, որ խաղաղության պայմանագիրը, որն իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, պետք է օր առաջ ստորագրենք և մեր ժողովրդին բերենք երջանկություն։ Ժողովո՛ւրդ, խաբում են ձեզ, եթե նման պայմանագիր ստորագրվի մեր պետության կենսագործունեությունը հարցականի տակ է դրվելու, խոսվում է ադրբեջանցիների վերադարձի մասին, գլխավոր թիրախն էս թևի գյուղերն են, եթե այստեղ ադրբեջանցի բնակեցվեց վաղը կամ մյուս օր ցանկացած դեպքի առիթով Ադրբեջանը ասելու է՝ գնում եմ իմ քաղաքացիների իրավունքները պաշտպանեմ, ինչը վտանգավոր է»։

Գեղամ Մանուկյանի և մյուս պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունից հետո արգելվեց զգայուն այս հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործող ընդդիմությանը հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթի նորացված տարբերակներին։ ՀՅԴ-ական պատգամավորը հայտնել էր, թե ս․թ․ փետրվարի 23-ին դիմել են ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով․ «Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է՝ «‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։

Պատահական չէ, որ իշխանափոխության աշնանային սեզոնի բացման շրջանակներում, երբ փողոցում մոլեգնում, բայց այդպես էլ հաջողության չի հասնում հերթական «իշխանափոխական» շարժումը, ընդդիմությունը որոշել է այժմ էլ շոու սարքել «կապիտուլյացիոն» փաստաթղթի «արգելանքը» շահարկելով՝ «ռազ ուժ արգելում են, զնաչիտ երկիրը իսկապես ծախում են» ուղերձը ընդդիմադիր էլեկտորատին հղելով։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արծվիկ Մինասյանը, երբ կրկին արծարծեց թեման և բողոքեց արգելանքի դեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Ես իմ անձնական որոշմամբ հնարավորություն տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին։ Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում բացարձակ իրականության հետ կապ չունեցող գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել։ Ես էլ արգելել եմ, լավ եմ արել. դուք գնաք տեքստը կարդաք, հետո գաք հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»:

Վարչապետը հավելեց նաև, որ փաստաթուղթը չի կարող դնել, կետ առ կետ, բառ առ բառ գաղտնազերծել, քանի որ դիվանագիտական կոռեկտության հարց կա։ «Խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որն առաջարկել են, հանրության համար բացահայտված է: Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով»,-նկատեց երկրի ղեկավարը։ Ի դեպ, ընդդիմությունը որոշել է դատական կարգով վիճարկել «արգելանքը», ինչի մասին հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Հ․ Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ