Պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին․ Առաջին ալիքի հայտարարությունը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Սրբազան պայքար» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1905 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ շարժումը երթով շարժվում է դեպի Հանրային Հեռուստաընկերություն՝ եթեր պահանջելու։

Հայտարարությանն արձագանքել է Հանրային Հ/Ը-ն։

«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։

Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»,- հայտնում են Հանրային Հ/Ը-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ