Մենք աշխարհի հարաբերություններին ծանոթ չենք, որովհետև պետություն չենք եղել, այլ՝ խաղերի առարկա. Փաշինյան

«Դիվանագիտության մեջ կա և՛ հումանիզմ, և՛ մարդասիրություն, բայց ամեն պետություն, առաջինը այդ հումանիզմը և մարդասիրությունը իր պարտականությունից ելնելով, իր քաղաքացու նկատմամբ է դրսևորում»:

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե դիվանագիտության մեջ, իր պատկերացմամբ, չկա հումանիզմ, մարդասիրություն, կան ուղիղ և չոր շահեր, և հայկական կողմի ձեռքբերումը կլինի այն, որ կարողանա ճիշտ գնահատել մեծ երկրների շահերը և իր շահը փորձել ամբողջությամբ կամ մասնակի տեղավորել այդ շահերի տիրույթում:

«Ոչ մեկը իր քաղաքացու նկատմամբ հումանիզմը չի ստորադասի հազարավոր կիլոմետրերով այն կողմ ապրող քաղաքացու, մարդասիրության համար, ինքը նախ իր քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի: Մեզնից յուրաքանչյուրը որպես անհատ այդպիսին է, իր երեխայի անվտանգությունը չի արհամարհի՝ իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող հեռու ապրող երեխայի անվտանգության համար»,- նկատեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև ասաց՝ ժամանակակից աշխարհը մեզ համար անծանոթ տեղ է. «Մենք աշխարհի հարաբերություններին ծանոթ չենք, մենք միջազգային դիվանագիտական մեխանիզմների աշխարհակարգին ծանոթ չենք, որովհետև պետություն չենք եղել, այլ՝ խաղերի առարկա, որովհետև մեզ միշտ թվացել է, որ ինչ-որ տեղ կան բարի ուժեր և չար ուժեր, ու որ մենք բարիների հետ ընկերություն անենք՝ կհաղթենք: Ոչ մեկը ո՛չ բարի է, ո՛չ չար, ամեն մեկը ունի իր քաղաքացիների նկատմամբ հումանիզմ և մարդասեր լինելու խնդիր, և դա առաջին խնդիրն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ