Լևոն Քոչարյանի «ախռաննիկ»-օգնականը 6 ամիս իրավունք չի ունեցել մեքենա վարելու, սակայն վարել է ու դատարանի կողմից տուգանվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի «ախռաննիկ»-օգնական, նախկին դատավորի որդի Արթուր Սուքոյանը օրենքի հետ խնդիրներ ունի ոչ միայն civic.am-ի լրագրողի նկատմամբ ձեռքերին ազատություն տալու դրվագով, այլև մեքենա վարելու։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» հարթակում հրապարակված՝ նրա վերաբերյալ քրեական գործից։

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակցի կողմից կայացված համապատասխան որոշման համաձայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով կասեցված լինելու և դրա մասին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում Ա. Սուքոյանը 2023 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը՝ 18:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի ճանապարհահատվածում վարել է «Բենթլի» մակնիշի 09 UU 818 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, որն էլ ս.թ. օգոստոսի 7-ին Լևոն Քոչարյանի օգնականին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանքի ձևով` հանցանքը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։

Ա. Սուքոյանը, ինչպես տեղեկացանք դատավճռից, հանդիսանում է առաջին անգամ հանցանք կատարած անձ և չի վիճարկել իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը, պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնել, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով։

 

Հատկանշական է, որ Սուքոյանի վերաբերյալ դատարան ներկայացված տեղեկանքում նշված է, որ պատգամավորի օգնական աշխատող այս անձն ունի միջնակարգ կրթություն։ Նկատենք, որ պատգամավորի օգնականը, ըստ օրենքի, նախապատրաստում է պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը, նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր, կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը։ Թե նշված պարտականություններից հատկապես ո՞ր մեկն է կատարում միջնակարգ կրթությամբ Սուքոյանը՝ ասել չենք կարող, բայց ԱԺ-ում շատերը ենթադրում են, որ նրա գլխավոր ֆունկցիան իր «շեֆին» ֆիզիկապես պաշտպանելն է։

 

Հավելենք, որ Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու քրեական գործով դատական առաջիկա նիստը հոկտեմբերի 8-ին է։

 

Դատարանն ավելի վաղ տեղի ունեցած նիստում որպես խափանման միջոց Սուքոյանի նկատմամբ կիրառել է «բացակայելու արգելքը», ինչպես նաև արգելել է վերջինիս շփում ունենալ գործով տուժող Դավիթ Լևոնյանի և վկա Պետրոս Պետրոսյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ