«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել ու սխալ է ներկայացրել COP 29 միջազգային գագաթնաժողովում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Այսպես, հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման թեմային, նշել է, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքել:
«Եթե իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք, Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, և մենք սպասում ենք Ադրբեջանի և պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,- նշել է Սիմոնյանը և հավելել․
«Միջազգային տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում, և սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է, և նույն COP 29-ի պարագայում ուզում եմ պատկերացնել, որ արդյո՞ք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից: Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է և պե՞տք է»:
Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցներով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը, և հայկական կողմը կստորագրի։
«Եթե Ադրբեջանը ցանկանում է COP 29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և գերիների ազատ արձակման մասին ելույթների ու նման միջոցառման, դա ընտրության հարց է»,- լրագրողներին ասել է Սիմոնյանը։
Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, ներկայացնելով խաղաղության պայմանագրի շուրջ հնչեցրած Սիմոնյանի մտքերը, նրան վերագրել է միանգամայն այլ միտք՝ նշելով․ «Հայկական կողմը, ԱԺ նախագահի խոսքով, դեմ չէր լինի փաստաթղթի ստորագրմանը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում»։
«Սպուտնիկ Արմենիան» վերոնշյալը նույնկերպ թարգմանել է նաև ռուսերեն։ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ «Սպուտնիկ Արմենիայի» նման մեկնաբանությամբ, արտատպվել է նաև ադրբեջանական «Սպուտնիկ Ազերբայջանի» տելեգրամյան ալիքում։
Ավելի ուշ նույն ձևակերպումներով սխալ միտքը տարածվել է ադրբեջանական մի շարք լրատվականներում (1, 2, 3):