Գալստանյանը խոստացած իշխանափոխության փոխարեն հերթական հայցն է ներկայացրել Փաշինյանի դեմ

Ընդդիմության փողոցային պայքարի առաջնորդ Վազգեն Գալստանյանը աչք չի բացում դատական հայցերից։ Նա, ինչպես հատնի է, դատի է տվել civic.am կայքին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը), կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Եկեղեցու սպասավորի՝ դատարանի դռներն ընկնելու պատճառը իր հասցեին հնչած ենթադրյալ զրպարտություններն են, մասնավորապես վերջին երկու հայցերը հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ «սրբազան պայքար»-ի և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած բախման հետքերով են։ Մասնավորապես Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հայցապահանջում Գալստանյանը պահանջում է պարտավորեցնել վերջինիս «հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ civic.am լրատվական կայքում հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, Կառավարության վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ»։

Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցապահանջով էլ հայցվոր Գալստանյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալը. «որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։ Հերքման ձևն էլ այսպես է նկարագրված՝ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջի (https://www.facebook.com/nikol.pashinyan) միջոցով ուղիղ եթեր դուրս գալ կամ հերքման տեքստը պարունակող տեսանյութ տեղադրել, ուղիղ եթերի ընթացքում կամ տեղադրվող տեսանյութով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալը հերքել,- ուղիղ եթերի կամ տեղադրված տեսանյութը «Հերքում՝ Վազգեն Գալստանյանի վերաբերյալ» վերնագրելու և- ուղիղ եթերի տեսանյութը կամ տեղադրված տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ Պատասխանողին պատկանող պաշտոնական էջում պահպանել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հունիսի 12-ի դեպքերից հետո մասնավորապես հայտարարել էր՝ «եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին, ասել է, թե՝ տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։ Ահա, Նիկոլ Փաշինյանի խոսքի երկրորդ մասը՝ «նույն մարդու» գործողության մասին՝ քարանետման կազմակերպում, «նույն մարդը» համարել է զրպարտություն։ Մինչ դատարանը կքննի սույն գործերն ու վճիռներ կկայացնի՝ հարց տանք ընդդիմության առաջնորդին՝ կարո՞ղ է իմանա, թե ո՞ւմ հրահանգով էին ցուցարարները հավաքվել ԱԺ շենքի դիմաց և մասնավորապես՝ ո՞ւմ հրահանգով է, որ սկսեցին զանգվածաբար անկարգությունների, եթե կուզեք՝ վայրագության դիմել, ինչպես նաև տարբեր առարկաներ, մասնավորապես՝ ջրով լի շշեր, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Ի դեպ, այս բոլոր գործերը դատարանն ընդունել է վարույթ։ Մասնավորապես Արթուր Հովհաննիսյանի հայցապահանջը վարույթ է ընդունվել օգոստոսի 7-ին, Նիկոլ Փաշինյանի դեմ հայցապահանջը՝ օգոստոսի 27-ին։ Ի դեպ, Փաշինյանի դեմ հայց գրել ու դատարան ներկայացնելը վստահվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմում ժամանակին ներգրավված Հովհաննես Խուդոյանին, իսկ Արթուր Հովհաննիսյանի դեմ հայցով Գալստանյանի շահերը դատարանում ներկայացնելը վստահվել է ԼՂՀ նախկին ՄԻՊ, սրբազան պայքարի ակտիվ մասնակից Ռուբեն Մելիքյանի տիկնոջը՝ Աննա Փիլոսյանին։

Արձանագրենք՝ անցած 5 ու կես ամիսների ընթացքում ընդդիմադիր պայքարի առաջնորդը միայն մի դեպքում է, որ բան է խոստացել ու խոստացածն իրականացրել՝ խոստացել էր, որ դատի է տալու վերոհիշյալ անձանց ու, փաստորեն, խոսքի տերը եղավ։ Մնաց ՔՊ-ին ընտրած ու աջակցող ժողովրդին էլ դատի տա ու «սուրը փառքով դնի պատյանը»։

Իսկ գլխավոր խոստումը՝ իշխանափոխություն, այդպես էլ իրականություն չդարձավ, քանի որ եպիսկոպոսի ուժերը, տաղանդն ու շնորհքը հազիվ բավականացրին իշխանությանը դատի տալուն։ Ի դեպ, հոկտեմբերի 2-ին իշխանափոխության հասնելու հերթական (թիվը կորցրել ենք) փորձն է լինելու՝ հանրահավաք հրապարակում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ