Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման ուղղությամբ. Կոնջորյան

ԱԺ այսօրվա նիստում քվեարկության է դրվելու նաև Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը հիշեցրեց՝ ՀՀ Կառավարությունը և կառավարող խմբակցությունը առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ է ներդրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ և դրանք շարունակվում են:

«Մեր հանրությունը դա ամենօրյա ռեժիմով տեսել և ականատես է եղել դրան: Եվ մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված, և մենք էլ՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում՝ հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ ինչու չէ, աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի:

Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը, այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով որ խորհրդարանական ընդդիմությունը և պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Եվ մենք, երեկ լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՛ւ են պետք այս հարցերի, եթե իրենք ունեն նման հարցեր, դրանց պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ