Վանաձորի նախկին քաղաքապետը, նրա դատավոր որդին և այլ փոխկապակցված անձինք հրավիրվել են դատախազություն

Վանաձորի նախկին՝ երկարամյա ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրան փոխկապակցված անձինք հոկտեմբերի 4-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել մասնավորապես նախկին քաղաքապետի որդիներին՝ Աղասի ևԱրգիշտի Դարբինյաններին, Աննա Դարբինյանին, Անահիտ Մայիլյանին, Գայանե Դարբինյանին, Էդուարդ Ավագյանին, Տաթևիկ Դարբինյանին։

Ըստ ծանուցագրերի՝ հիշյալ անձանց գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։

Նկատենք, որ Աղասի Դարբինյանը 2021 թվականի հուլիսից Վարչական դատարանի դատավոր է։

Սամվել Դարբինյանին էլ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ նա, 1999-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վանաձորը 17 տարի ղեկավարած նախկին համայնքապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներով հարուցված քրեական գործը երկու տարի քննելուց հետո հասել էր դատարան, սակայն վարույթ ընդունելուց ընդամենը 4 օր անց դատարանը որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ