Մտավորականության մեծ մասը վաճառել է հոգին, սերժա-քոչարյանական ռեժիմը փչացրեց նրանց. Վիգեն Ավետիս

 

«Հայկական ժամանակ»-ը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ զրուցել է ներքաղաքական իրավիճակի, պետականության դեմ իրականացվող գործողությունների, եկեղեցի-պետություն և ժողովուրդ-մտավորական հարաբերությունների մասին։

— Պարոն Ավետիս, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ այս պահին առկա ներքաղաքական դրությունը:

— Այս օրերը Հայաստանի համար ամենաորոշիչ պահն են։ Դրված է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը, որովհետև պարտությունից հետո հակառակորդը առաջացնում է խնդիրներ։ Ադրբեջանի կողքին այլևս մեծ դերակատարում ունի Ռուսաստանը, մյուս կողմից էլ Եվրոպան է, որը ձեռք է մեկնում մեզ, բայց մենք դեռ այն չենք կարողանում բռնել, քանի որ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում գործող Դաշնակցական կուսակցության և Քոչարյանի ամբողջ բանդայով շարունակում է մնալ։ Ցավոք, նրանց են միացել նաև Հայ առաքելական եկեղեցու որոշ առաջնորդները, ու ստացվում է, որ եկեղեցականները ոչ թե Աստծուն են ծառայում, այլ պատգամներ են ստանում Կրեմլից։ Բայց կարևոր է, որ ժողովուրդը իրավիճակը սթափ է գնահատում։ Ժողովուրդն ընտրել է ժողովրդավարական ապրելակերպը, ու դա ամենամեծ հաղթանակն է այժմ, որը հեղափոխությունից հետո հասարակության ներսում է։

— Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Ռուսաստանը փորձում է օգտագործե՞լ այս իրավիճակն ու ազդել հայ հասարակության տրամադրվածության ու ՀՀ անկախության վրա։

— Այո՛, թեև արդեն անցել են ժամանակները, երբ Ռուսաստանը կարողանում էր խաբել մեր ժողովրդին։ Հիմա դաշտ է նետում պրոռուսական գործիչների, իսկ ժողովուրդն այլևս թույլ չի տալիս, որ կրկնվի այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել։ Փաստ է, որ մեր ժողովուրդը դուրս է եկել ռուսական նախկին ազդեցությունից և չի ցանկանում վերադառնալ:

— Հիշատակեցիք, որ որոշ եկեղեցականներ ոչ թե Աստծուն են ծառայում, այլ պատգամներ են ստանում Կրեմլից. հոկտեմբերի 2-ին Վազգեն (Բագրատ) Գալստանյանի սկսած շարժումը նոր հավաք է նախաձեռնել։ Թեև նախկինում եկեղեցին իր հայտարարություններով սատարում էր նրան, սակայն այժմ եկեղեցու որոշ հոգևորականների վերջին մեկնաբանությունները խոսում են նրա մասին, որ Գալստանյանն այլևս գործում է առանց կաթողիկոսի օրհնության։ Այս առումով ի՞նչ կասեք:

— Նախ մենք այդպես էլ չհասկացանք, թե ով է Գալստանյանը՝ քահանա՞, հոգևորակա՞ն, քաղաքական գործի՞չ, չհասկացանք նաև թե ո՞րն է նրա ուզածը։ Նա չի կարողանում ոչինչ անել ու չի կողմնորոշվում՝ ուզո՞ւմ է, որ ժողովուրդը գնա հոգևոր արժեքների հետևից, թե՞ քաղաքական ճնշումների ենթարկվի։ Այսինքն՝ քոչարյանական կողմից առաջնորդ է, որը չգիտի իրականում, թե ինչ է ուզում։ Ես վստահ եմ, որ ոչինչ էլ չի կատարվի։ Չնայած նրան, որ Գալստանյանը ոչ թե խաղաղության քարոզող է, այլ ինքը բախման տարավ ժողովրդին, ժողովրդին հանեց ժողովրդի դեմ: Դրան մի բացատրություն կա. Կաթողիկոսը ենթարկվում է Պուտինին։ Պետք է ի վերջո հասկանան, որ եկեղեցին առանձին պետություն չէ, անգամ Վատիկանը պաշտպանում են Իտալիայի զինված ուժերը, հետևաբար Հայաստանը առավել ևս պետք է պաշտպանի Հայ առաքելական եկեղեցին։ Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե վերջին արարողությանը ՀՀ վարչապետը չգնար․ ամբողջ աշխարհը, նույնիսկ մուսուլմանները դրանից կուրախանային, անգամ «ձեռք առնոցի» կլիներ, թե ինչ կոնֆլիկտ կա եկեղեցու և պետության միջև։

— Քաղաքագիտական շրջանակների մի մասը պնդում է, որ Հայաստանը պետք է որևէ ուղղություն ընտրի (Ռուսաստան կամ Եվրոպա), որպեսզի կարողանա պահել իր անկախությունը: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

— Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու առաջնորդների վրա․ մեկը ղեկավարում է Ֆրանսիան, մյուսը՝ Բելառուսը։ Լուկաշենկոն ասում է՝ «ո՞վ եք դուք հայերդ, ո՞նց ուզենք ձեզ հետ կվարվենք», Ֆրանսիայի նախագահն ասում է՝ «Հայաստանը մարդկության քաղաքակրթության օրրանն է»։ Այստեղից պարզ է, թե որ կողմ պետք է գնանք։ Ես նախընտրում եմ Եվրոպան՝ իր արժեքներով։ Գնաս ռուսական ու բելառուսական թև՝ կոչնչացվես, իսկ եթե գնաս եվրոպական կողմ, կստանաս անհրաժեշտ աջակցությունը։ Ես չէի ուզի, որ Հայաստանը Ուկրաինայի պես ռմբակոծվեր, և այդ վտանգը տեսնում են Ամերիկան, Եվրոպան։ Ռուսաստանը վտանգ է և կուլ կտա Հայաստանին կամ կքանդի այնպես, ինչպես այժմ քանդում է Ուկրաինային։

— Պարոն Ավետիս, անընդհատ դժգոհություն կա, որ մտավորականները սատարում են այս կամ այն քաղաքական ուժին, սա բերում է նրան, որ բազմաթիվ մտավորականներ թիրախավորվում են: Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի մտավորականների համաչափ վերաբերմունքն ու մոտեցումը տվյալ իրավիճակում։

— Ցավոք, մտավորականության մեծ մասը մեզ մոտ վաճառված հոգիներ են։ Մտավորականը ազատ մարդ է, որը ոչ թե քաղաքական պահանջների կարծիք պետք է հայտնի, այլ ժողովրդի խոսքը լսելի դարձնի ու փոխանցի Կառավարությանը։ Մեր երկրում նրանք վաճառվել են երկու կողմի, ազատ մտավորականներ այսօր չկան կամ էլ քիչ են։ Եղածները ծառայություն են մատուցում տարբեր ռեժիմների, ժողովուրդն էլ հիասթափվել է դրանից ու հույս չի դնում որևէ մտավորականի վրա։ Մտավորականը պետք է ազգի ներկայացուցիչը լինի, անվաճառ, բայց սերժա-քոչարյանական ռեժիմը փչացրեց նաև հայ ազգի մտավորականությանը։ ԿԳԲ-ական սիստեմը նրանց փչացրեց այնպես, ինչպես հոգևորականների բացարձակ մաքրությունն է պղտորվել։ Հայ ժողովուրդը երկու կողմից կորցրել է իր վստահությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ