Բաքվում ԼՂ-ն այլևս ներքին սպառման թեմա չէ, Ալիևը առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջան»-ի թեզը, չպետք է տուրք տալ. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ ադրբեջանական կողմը փորձում է մանևրել և խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց գնալով մանևրելու հնարավորությունները սահմանափակվում են, և Ադրբեջանի նախագահի առջև հստակ պահանջներ են դրվելու:

«Բացի Միացյալ Նահանգներից և Արևմուտքից, որոնք հստակ պահանջներ են դնում Ալիևի առջև, նրա առջև պահանջներ են դնում նաև հյուսիսից՝ Ռուսաստանից, որի հետ Բաքվի բռնապետն ունի ունի որոշակի պայմանավորվածություն հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:

Քաղաքագետի խոսքով՝ խաղաղության գործընթացին զուգահեռ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շրջանառվող թեզերը՝ կապված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», կամ «Զանգեզուրի միջանցքի» հետ, մենք չպետք է բերենք և շրջանառենք մեր տեղեկատվական հանրային քաղաքական տիրույթում, քանի որ իրենց գլխավոր նպատակներից մեկը դա հասանելի դարձնելն է ՀՀ հանրությանը և տեղեկատվական դաշտին:

«Այն թեզերը, որն առաջադրում է Ադրբեջանի նախագահը, այս տեմպով շարունակելու դեպքում մի օր չար կատակ են դառնալու հենց Ալիևների կլանի և Ադրբեջանի համար: Այդ թեզերը որևէ քննության չեն դիմանում, դրանք կեղծ են, և դրա մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նաև hարևան Իրանում, Վրաստանում: Պետք է հասկանալ, որ բռնապետերը կամ ավտորիտար ղեկավարները մշտապես իրենց իշխանությունը փորձում են պահել նման ազգայնական՝ իրականությունից կտրված թեզերով: Արցախն արդեն չի կարող Ադրբեջանի համար ներքին սպառման թեմա լինել իշխանությունը պահելու համար, և իշխանությունը պահելու, հասարակությանը ազգայնական թեզերով կերակրելու համար Ալիևը առաջ է քաշում նոր թեզեր՝ «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք»: Կրկնում եմ, որ դրանց չպետք է շատ անլուրջ վերաբերվել, պետք է հետևել ու մասնագիտական մակարդակում պետք է պատասխանել, բայց նաև մեր հանրային դիսկուրսի թեմա չդարձնել»,- ասում է Առաքելյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, որքան էլ դժվար է խաղաղության հասնելու կամ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու թեզը, այնուամենայնիվ, հայկական կողմը պետք է միշտ դա առաջ տանի:

«Մարդիկ կան, որ հայտարարում են, թե Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» է պահանջում, զինվում, իսկ Հայաստանը պարզել է խաղաղության դրոշակը և առաջ է գնում: Իրականության մեջ դա այդքան էլ այդպես չէ, Հայաստանը նույնպես անվտանգության ոլորտում ռեալ քայլեր է կատարում, և այդ առումով, կարծում եմ, որ առաջիկա մեկ ամիսը շրջադարձային է լինելու՝ կապված ԱՄՆ ընտրությունների հետ, շրջադարձային է լինելու ոչ միայն մեզ համար, այլ նաև գլոբալ առումով: Կարծում եմ, որ այս գործոնը խաղարկում են նաև Ադրբեջանում և հուսով եմ՝ իրենց հույսերը չեն արդարանա»,- կարծում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ