«Տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը»․ Նիկոլ Փաշինյան

««Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմիններն ամուր հաստատվել են մեր առօրյա կյանքում, և մենք ապրում ենք մի իրականությունում, որին բնորոշ են տեխնոլոգիական բեկումները»,- Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թվայնացման ժամանակակից իրողություններին։

«Ինձ համար, առաջին հերթին, «թվային փոխակերպում» տերմինը նշանակում է գործառնական գործընթացներում հասնել արդյունավետության և ճկունության՝ անալոգային տվյալներից թվային տվյալներին անցնելու միջոցով: Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար մենք նախ որոշում ընդունեցինք մեր թվային ճարտարապետությունը խարսխել երկու կարևոր սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն:

Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական և մատչելի տվյալներ՝ պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար: Սա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ:

Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Այս համակարգը հիմնված է պետական կառույցների և, ամենակարևորը, քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև վստահության վրա: Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ