Անընդհատ բոլորը խոսում են, որ երկրում արդարադատությունը կաղում է. Բադալյանը՝ Մինասյանի հրաժարականի մասին

«Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն ունեն իրավունք իրենց վերաբերմունքը հայտնելու Կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ, այդտեղ յուրահատուկ բան պետք չի փնտրել, որ Գրիգոր Մինասյանի հետ կա որևէ խնդիր»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին և վերջինիս հրաժարականին:

«Այստեղ որևէ անձնական խնդիր չկա, Գրիգոր Մինասյանը այսօր ազատվել է իր դիմումի համաձայն: Ես շատ ցավում եմ, որ ստորագրահավաքի փաստը հանրայնացվեց, դա խմբակցության ներքին խնդիրն էր, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենտ կամ հարցապնդում: Անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք մեր առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել կատարել, ու, բնականաբար, դրա համար պետք է պահանջենք պատասխանատվություն»,- ասաց Բադալյանը:

Պատգամավորի խոսքով՝ ինքը որպես պատգամավոր պիտի լինի ժողովրդի ձայնը և ցանկացած խնդիր, բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրաձայնի իր լծակներով. «Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ խնդիր ունենք միայն արդարադատությունում: Ես ուզում եմ, որ Կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները իմանան, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, և որևէ բան մեր աչքից չի վրիպելու»:

Լրագրողի հարցին, թե ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, Բադալյանն արձագանքեց. «Թիրախի մասին չէ խոսքը, եթե որևիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ, սա ուղղակի արդեն կուտակված բոլոր խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 5-ին, արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել Սիրվարդ Գևորգյանը, որի նշանակման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 26-ին հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ