Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է լինի քաղաքական թիմից․ Արփի Դավոյան

«Կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոն է, և այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի ներկայացրած հրաժարականին։

Վերջինս նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այն խոսակցությունները, թե Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ որոշ պատգամավորների հետ անձնական դրդապատճառներ կան։

«Կատարել ենք վերահսկողական գործառույթ, և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետևաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Մինասյանի հրաժարականի պատճառը նաև փոխնախարարը չէ։ Դա շատ փոքր միջադեպ է եղել։

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 5-ին, արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել Սիրվարդ Գևորգյանը, որի նշանակման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 26-ին հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ