Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ Գերասիմ Վարդանյանի և ևս 4 անձի մասով:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ձայնագրությունների պարունակությամբ խոսակցությունների զրուցակիցները և զրույցների առարկան:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ զրույցները տեղի են ունեցել կոնկրետ ամսաթվերին՝ 2024 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, բոլորի ընթացքում զրուցակիցներից մեկը հանդիսացել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ն, ով փաստացի տնօրինել է հավաքներին մասնակցելու առնչությամբ ծախսերի համար հատկացված ֆինանսական միջոցների պաշարի մի մասը։

Փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին, երթերին, հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, Արարատի մարզի բնակիչ Գ.Վ.-ն և Վայոց ձորի մարզի բնակիչ Վ.Դ.-ն կազմակերպել ու ղեկավարել են հավաքներին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչներին նյութապես շահագրգռելը, բացի այդ, հավաքներին մասնակցելու նպատակով, Վ.Դ.-ն շահագրգռել է նույն մարզի մի խումբ բնակիչների։

Պարզվել է նաև Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի առերևույթ հանցակիցների ինքնությունը, ովքեր նույնպես Վայոց ձորի մարզի բնակիչներ են։

Հիմնավորվել է, որ նշված անձինք 2024թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունենալիք հանրահավաքներին մասնակցելու համար, Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, հավաքագրել են Վայոց ձորի մարզի շուրջ 250 բնակիչների, որոնց տրամադրել են գումարներ՝ մեկ անձի հաշվարկով 5000-12000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Վ.-ին և մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել:

Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ բացակայելու արգելքի հետ համակցված, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին դատարանը մասնակի բավարարել էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով:

ՀՀ ոստիկանությունից ստացվել էր պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել էր «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ իրավապահների՝ ձայնագրության մեջ լսվում է Գերասիմ Վարդանյանի ձայնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ