Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում․ Ժաննա Անդրեասյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայիններին նվիրված ցուցահամալիրը հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր Աղային նվիրված նյութերով ու արխիվային փաստաթղթերով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում անցկացնել Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:

«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր Աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ