Էջմիածնի և պետականության դեմ պայքարողներ շատ կան կաթողիկոսի ենթակաների մեջ, մեկը Կիրանցից «մարտնչելով» եկավ. Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը դրական է գնահատում փաստը, ըստ որի՝ 44-օրյա պատերազմից հետո եկեղեցու ձեռքերով պետության հետ խզված հարաբերությունները նորից վերականգնվում են։

Նրա խոսքով՝ եկեղեցու հրավերով Մայր տաճարի վերաօծման արարողության գտնվելով՝ իշխանությունը ևս ցույց տվեց, որ պատրաստ է ընդառաջ գնալ այն ժամանակ, երբ առաջ գնալու ձեռքը պարզում է եկեղեցին։

«Հարաբերությունները խզվել էին, ու նախաձեռնողը եղել է հենց եկեղեցին, ոչ թե պետությունը, ուստի հրավերն ու այն ընդունելը օրինաչափ քայլ էր։ Անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ եկեղեցու մոտեցումը անհեռանկարային պահվածք ու դիրքորոշում էր։ Այժմ եկեղեցին որոշեց վերանայել իր այդ մոտեցումը, փիլիսոփայությունը։ Սա մի ժեստ էր եկեղեցու կողմից, ու վստահ եմ, որ պետությունն էլ է դա պատրաստ անել ցանկացած պահի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Միևնույն ժամանակ Մեհրաբյանը ցավալի է համարում այն, երբ հրավերից ու արարողությանն իշխանության մասնակցությունից հետո որոշ եկեղեցականներ ու նաև իշխանության ներկայացուցիչներ հայտարարում են՝ եկեղեցին դեռևս շարունակում է պահանջել երկրի Կառավարության հրաժարականը, իսկ արարողությանը մասնակցությունը դեռևս որևէ բան չի նշանակում․ «Եկեղեցին պետք է շարունակի վերանայել իր մոտեցումը հայոց պետականության նկատմամբ, սակայն տեսնում ենք, որ դեռևս չի կարողանում ընկալել, որ այն իրողություն է, ու եկեղեցին պետք է գործի հանուն պետության, այլ ոչ թե ընդդեմ»։

Այս համատեքստում զրուցակիցը մեկնաբանում է նաև կաթողիկոսի հնչեցրած միտքը, այն է՝ «մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից»․

«Այո՛, ճիշտ է ասում կաթողիկոսը, բայց նաև պետք է ճշտի՝ ո՞վ է հարվածներ հասցնում պետականությանն ու ո՞վ է մարտնչում եկեղեցու դեմ։ Իր ենթակաների մեջ շատ մարտնչողներ կան, մի մարտնչող էլ փողոցներում էր․ Կիրանցից դեպի Երևան մարտնչելով եկավ։ Էլ չեմ ասում, որ կաթողիկոսը պետք է կարգուկանոն հաստատի, ամեն «չեկիստի» եղբայր չանվանի մեր անունից։ Այլ պետության ազդեցության տակ գտնվող անձինք անելիք չունեն եկեղեցում։ Պետք է ինքը աշխատանք տանի ու հեռացնի որոշ եկեղեցականների, որոնք դուրս են գալիս հասարակության ընտրության դեմ, սպասարկում այլ պետության շահերը»։

Մեհրաբյանը չի ժխտում՝ հասարակության մեջ պահանջ կար նաև եկեղեցուց կաթողիկոսին հեռացնելու, եթե այդ պահանջը շարունակում է մնալ ակտուալ, այստեղ կրկին հասարակությունը պետք է խոսի։

Ինչ վերաբերում է իշխանության հրաժարականի շարժումը գլխավորող Վազգեն (Բագրատ) Գալստանյանի ու եկեղեցու հարաբերություններին, ըստ Մեհրաբյանի, դա դժվար է գնահատել՝ հաշվի առնելով այն, որ եկեղեցին փորձում է այլևս չասոցացվել այդ անձի հետ․ «Ի՞նչ եղավ, որ այժմ Գալստանյանը չունի կաթողիկոսի օրհնությունն ու ինչո՞ւ ներկա չէր: Այո՛, դա խոսում է, որ ինչ-որ բան եղել է եկեղեցու ու Գալստանյանի միջև։ Չեն կարող չընդգծել, որ այս ընթացքում որոշ մարդիկ վերածվեցին գավառական կրկեսի ծաղրածուների, ինչը չէր կարող հարվածներ չհասցնել եկեղեցու հեղինակությանը։ Եվ եթե եկեղեցին եկել է այդ եզրահանգմանը ու հետ է կանչել իր օրհնությունը, ապա դա արժանի է միայն դրվատանքի։ Այս ամենը ապացուցում է, որ ամեն ինչ միապաշտության հիմքով չի գործում»։

Վերջինս շեշտում է՝ կարևոր է, որ այժմ եկեղեցին փորձում է իրեն հեռու պահել ներքաղաքական իրավիճակներից: Թե որքանո՞վ սա հաստատուն քայլ կլինի, արդյունքը կերևա առաջիկայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ