Եթե Իրանը ներքաշվի ուղիղ պատերազմի մեջ, Ադրբեջանը պահը կօգտագործի ՀՀ-ի վրա հարձակվելու համար. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ այսօր Մերձավոր Արևելքում կատարվողը լուրջ նախադրյալներ ու հիմքեր է ստեղծում ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:

«Նկատի ունեմ մի քանի պետությունների մասնակցությամբ ռազմական գործողությունների, որոնցում կարող է ներգրավվել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունը, այնպես էլ արաբական այն պետությունները, որոնք հակասությունների մեջ են Իսրայելի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը և հավելում՝ զարգացումների նման ընթացքը վատագույն սցենարը կլինի, հատկապես եթե Իրանը ներգրավվի ռազմական գործողությունների մեջ, ինչին էլ հենց ձգտում է Իսրայելը:

Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա, ռազմական փորձագետի խոսքով, հնարավոր է՝ այդ բախումների աշխարհագրությունն այնքան մեծանա և լայնանա, որ հասնի մինչև մեր տարածաշրջան:

«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ 44-օրյա պատերազմում և դրանից հետո Իսրայելը համարվում է Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, իսկ արդեն վերջերս իրենք սկսել են համատեղ թեթև ռազմարդյունաբերումբ զբաղվել: Սա խոսում է նրա մասին, որ, եթե Մերձավոր Արևելքում Իսրայելն է, ապա այս տարածաշրջանում՝ Ադրբեջանը, որն ունի նկրտումներ հարևանների նկատմամբ: Մեծ հաշվով Ադրբեջանից պետք է սպասենք որոշակի զարգացումներ այն ժամանակ, երբ Իրանը կներքաշվի ուղիղ ակտիվ ռազմական գործողությունների մեջ, իսկ քանի դեռ Իրանը գտնվում է ոչ ուղիղ, կամ ոչ ակտիվ ռազմական գործողությունների մեջ, Ադրբեջանը կխուսափի որևէ գործողության գնալ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ամեն դեպքում Ադրբեջանին հիմա զսպող սուբյեկտ է Իրանը, որովհետև բազմաթիվ անգամներ, երբ Ադրբեջանը փորձել է որևէ ակտիվության ցուցաբերել, Իրանը կարճ ու կոնկրետ սկսել է զորավարժություններ անցկացնել հենց Ադրբեջանի հետ սահմանային՝ ցույց տալով, որ ինքը ևս անմասն չի մնա, եթե Ադրբեջանը փորձի ՀՀ-ի նկատմամբ որևէ ռազմական գործողությունների գնալ»,- մանրամասնում է Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը նաև նկատում է՝ այն, որ Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ հաղորդելով իբր ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցների մասին, դրանով Բաքվի բռնապետը երկու հարց է լուծում.

«Առաջինը՝ թեժ է պահում հայ-ադրբեջանական հակամարտությունը, փորձում լեգիտիմ հիմքեր ստեղծել հետագայում ՀՀ-ի հանդեպ ռազմական գործողություներ անելու համար, երկրորդ՝ փորձում է իր հասարակությանը ցույց տալ, ասել, որ ՀՀ-ի հետ դեռևս չի ավարտվել հակամարտությունը, և կրակոցներ դեռևս հնչում են, և Հայաստանի հետ հաղթողի դիրքերից կարող է խոսել բացառապես ինքը՝ Ալիևը, որովհետև հաղթել է. նա այդ կերպ նաև ընդդիմության հարցերն է լուծում՝ «օձը բնում խեղդելով»»:

Խոսելով վերջին տարիներին այդքան քննարկվող խաղաղության գործընթացի ու պայմանագրի մասին՝ Հովհաննիսյանը նկատում է՝ Իլհամ Ալիևի կառավարության շրջանում իրատեսական չի համարում խաղաղության հաստատումը:

«Ալիևն իրեն համարում է հաղթանակած, և ինքն իր համար ստեղծել է մի թակարդ ժամանակին. Զանգեզուրյան միջանցքի գաղափարն է, որն ինքն իր հովանավորյալների կողմից դրեց շրջանառության մեջ՝ մտածելով, թե թուլացած ՀՀ-ից կարող է պոկել դա, և այսօր այդ թակարդի մեջ է, և իր հասարակությանը խոսք է տվել, որ միջանցքը կլինի այս տարվա վերջ, մյուս տարվա վերջ, ու այդպես 4 տարի շարունակ: Ալիևի ռեժիմի կառավարման տարիներին ես ինքս բացառում եմ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Երբ որ Ադրբեջանում փոխվի իշխանություն, այդ ժամանակ խաղաղության պայմանագրի մասին կարելի է և՛ խոսել, և՛ ավելին, նույնիսկ չի բացառվում, որ հայերի վերադարձ կարող է լինել Արցախ»,- կարծում է ռազմական փորձագետը:

Ըստ Հովհաննիսյանի՝ այս փուլում միակ հուսադրող կանխատեսումն այն է, որ Իրանը, այնուամենայնիվ, չի մտնի Իսրայելի հետ ուղիղ բախման մեջ, և դրանով իսկ նոր ռիսկեր չեն առաջանա նաև մեր տարածաշրջանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ