Ալիևը իրավամբ կարիք ունի հայրենիքի, որը պետք չէ փնտրել այլ ժողովուրդների պատմական տարածքներում. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել ծայրահեղ շովինիստական հայտարարությամբ՝ ի ցույց դնելով սեփական հանցանքների քողարկման ադրբեջանական քաղաքական տեխնիկայի ողջ սնանկությունը։

Այս մասին հայտարարել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի՝ պատմական փաստերի աղավաղման բարձր կարողություններն այլևս նորություն չեն միջազգային հանրության համար։

«Դեռևս 1980-ական թթ․ վերջից սկսած առկա խնդրին իրավաքաղաքական լուծում տալու փոխարեն ադրբեջանական վարչակարգերն ընտրել են դրանց ուժային լուծման տարբերակները՝ փաստացի սանձազերծելով Լեռնային Ղարաբաղում թե՛ առաջին, թե՛ 2016 թ․ քառօրյա, թե 2020 թ․ 44-օրյա պատերազմները և 2023 թ․ հայության էթնիկ զտումները։ Այժմ Ադրբեջանի նախագահն ընտրել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների սողացող մարտավարությունը՝ Հայաստանի տարածքը համարելով «հայրենիք», որի կարոտով ապրում են ինչ-որ «ադրբեջանցիներ»։

Այս առումով Ադրբեջանի նախագահի ուշադրությունը հրավիրում ենք մի քանի հանգամանքների վրա՝ թարմացնելու պատմական իրականության վերաբերյալ ունեցած տեղեկությունները։ Հայաստանի տարածքը «հայրենիք» կոչող Իլհամ Ալիևը կարծես թե մոռացել է ոչ վաղ ացնյալում հնագույն քարտեզներում Ադրբեջանի ապարդյուն փնտրտուքը։ Պատմական և ոչ մի վավերագրում ո՛չ հնագույն, ո՛չ միջնաադրյան և ո՛չ էլ նոր ժամանակներում Արևելյան Անրկովկասում չի հիշատակվում «Ադրբեջան» անվամբ պետություն, և միայն 1918 թվականին է, որ Արաքս գետից հարավ գտնվող պատմական իրանական Ատրպարական անվան տառացի կրկնօրինակմամբ հայտնվեց «Ադրբեջան» պետությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Իլհամ Ալիևը և իր առաջնորդած ժողովուրդը, ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի, իրավամբ կարիք ունեն հայրենիքի, որը պետք չէ սակայն փնտրել այլ ժողովուրդների պատմական տարածքներում։ «Հայրենաշինությունն» Ադրբեջանում ուղիղ համեմատական է այդ երկրում ազատությունների ոտնահարման համակարգային իրողությանը։ Ակնհայտորեն, Ադրբեջանում զբաղվում են կա՛մ կեղծարարությամբ, կա՛մ մարդկային ազատությունների դաժանագույն ճնշմամբ։

«Մյուս հանգամանքը, որն Իլհամ Ալիևը իր ղեկավարած ֆեոդալանավթատիրական վերանախավը սիրահոժար անտեսում են․ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին «բռնագաղթերի» մեջ՝ մոռանալով այն բարբարոսությունների մասին, որ իրականացվել են հայության դեմ նախորդ դարի սկզբից սկսած։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Իլհամ Ալիևը տեղյակ է 1918 թ․ Բաքվում 30 հազարից ավելի հայ բնակչության կոտորածի մասին, տեղյակ է արդյո՞ք 1919 թ․ Նախիջևանի հայաթափման, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի մասին։ Պատմական անցյալի այս անժխտելի իրողությունների իսկությունն ամրագրված է անթիվ վկայություններով։

Սակայն եթե անգամ Ադրբեջանում արգելված է հայության հանդեպ ցեղասպանության մասին բարձրաձայնումը, ապա Իլհամ Ալիևի տարիքը ամբողջությամբ թույլ է տալիս հիշելու այն բոլոր վայրագությունները, որ տեղի էին ունենում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում, Գետաշենում, Մարտունաշենում և հայկական ու հայաբնակ այլ բնակավայրերում։ Արդյո՞ք հայության էթնիկ զտումների, բռնի տեղահանման և առհասարակ Ադրբեջանում հայատյացության պետականացման և ինստիտուցիոնալացման մեծ ճարտարապետներից մեկը հենց Իլհամ Ալիևը չէ։ Սակայն եթե անգամ վերջինս փորձում է հարկադիր մոռացության մատնել պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, ինչպես նաև վերջիններիս հանդեպ՝ որպես մարդկության դեմ գործված հանցանքների պատասխանատվությունը, ապա խիստ անհեռատեսական է Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վերջին տարիներին գործված պատերազմական և հումանիտար հանցագործությունների քողարկումը, քանի որ դրանք տեղի են ունեցել ժամանակակից աշխարհի աչքի առաջ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի նախագահի ցինիզմը պատմական անցյալի և ներկայի իրողությունների ընտրանքային մեկնաբանման հարցում։ Մենք պահանջում ենք վերջ դնել տասնամյակներ շարունակ ձգվող ժխտողականության քաղաքականությանը և վերջապես մուտք գործել մարդասիրական իրողությունների ասպարեզ, որտեղ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը գերագույն արժեք են»,- ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ