ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ, որոնք քաղաքական հայտարարություններ են անում և փաստացի դիրքավորվել են որպես Հայաստանի անկախության դեմ պայքարող ուժերի խամաճիկներ, ակնհայտ է, որ կոնկրետ այդ անձանց նկատմամբ առնվազն վերաբերմունք ուղղակի փոխվել չի կարող:
Ըստ նրա՝ այլ հարց է, եթե այդ մարդիկ ապաշխարեն:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ արձագանքելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կարգավորվեն պետություն-եկեղեցի հարաբերությունները՝ հաշվի առնելով Մյուռոնօրհնությանը և Տաճարի վերաօծման արարողություններին իշխանություններին մասնակցելը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ էր նշանակում կաթողիկոսի հայտարարությունը, ըստ որի՝ «մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը», Ալեքսանյանը նկատում է. «Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ, հետևապես ճիշտ է կաթողիկոսը, ուղղակի չեմ կարծում, որ այդքան հասցեական է ասում: Նա Էջմիածնի ու ընդհանրապես Հայաստանի դեմ պայքարողներին իր կողքերում պետք է փնտրի»:
Ինչ վերաբերում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ արարողություններին ներկա չգտնվելուն, պատգամավորն ասում է. «Ի սկզբանե էլ իրենք իրար մեջ էդքան էլ հաշտ չեն եղել, օրինակ՝ Գալստանյանին աջակցելու կամ Հայաստանի իշխանությունների ու անկախության դեմ որոշների ձգտման մասով: Ակնհայտ է, որ հակասությունները վերացված չեն:
Հարցին՝ հոկտեմբերի 2-ին Գալաստանյանը կրկին հավաք է հրավիրել, ի՞նչ սպասել, Վահագն Ալեքսանյանը նշում է. «Արդեն վաղուց հնացած ու ընդհանրապես դիտորդ չունեցող սերիալի նոր սեզոնի բացումը, ուրիշ ոչինչ»:
Մերի Խաչատրյան