Ռուսական զորքերն ավելի քան հինգ ժամ անօդաչու սարքերով գրոհել են Կիևը

Սեպտեմբերի 30-ի գիշերը ռուսական զորքերը տարբեր կողմերից անօդաչու սարքերով հարձակվել են Կիևի վրա։ Ինչպես հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը, մոտավորապես ժամը 06:00-ից Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան հինգ ժամ։

Բոլոր անօդաչու սարքերը, ըստ հաղորդագրության, չեզոքացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, զոհեր և ավերածություններ չկան։

Հարձակմանը մասնակցած անօդաչու սարքերի ճշգրիտ թիվը և տեսակն ավելի ուշ կհայտարարեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, հայտնել են քաղաքի վարչակազմում։

Այս հաղորդագրության հրապարակումից հետո Կիևի քաղաքապետարանը կրկին ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարել։ Անօդաչու թռչող սարքը, ինչպես ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, խփվել է Օբոլոնսկի թաղամասի վրա, դրա բեկորներն ընկել են բնակելի շենքերի մոտ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը սեպտեմբերի 30-ի առավոտյան հայտարարել է, որ գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքով արձակել են 73 «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի երեք հրթիռ։

Մեկ հրթիռ և 67 անօդաչու թռչող սարք է խոցվել Կիևի, Չերկասի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Պոլտավայի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի շրջանների վրա, ևս մեկ անօդաչու թռչող սարք, ըստ ուկրաինացի զինվորականների, թռել է Բելառուսի ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ