Վերացվում է հայկական պետհամարանիշերով Իրան մուտք գործելու խնդիրը

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իրանի Իսլամական Հանրապետություն հեշտացնելու համար:

Tehran Times-ի փոխանցմամբ՝ այս ծրագիրն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը:

Նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ:

Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա նրանց երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։

Ծրագիրը, որը մեկնարկել է Իրանի Զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը տեսահամաժողովի միջոցով, նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևակերպումները և ընդլայնել միջազգային ճանապարհորդությունը Իրանի և հարևան երկրների միջև:

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշերով Իրան մուտք գործելու խնդիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ