«Եթե ամուսինս մի քիչ փափուկ մարդ լիներ, 5 երեխա չէինք ունենա». Գոհար Հարությունյան

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը նաև բազմազավակ մայրիկ է։ Գոհարը կատակում է` երեխաները դեռ հինգն են, բայց միայն կատակում է։ Ամուսնու հետ պայմանավորվել է սահմանափակվել 5 երեխայով և վայելել նրանց մեծացնելու ընթացքը։

5 երեխայի խնամքը բարդ և պատասխանատու գործ է, սակայն մայրիկը հաճույքով է իրականացնում այս պարտականությունը։ Ունենում է հոգնածության պահեր, սակայն ասում է, երբ նայում է երեխաներին, ամեն ինչ մոռանում է։

«Մարդը որքան բազմազբաղ է լինում, այնքան ավելի պատասխանատու և պարտաճանաչ է, կարողանում է իր օրն ու ժամանակն ավելի ճիշտ դասավորել»,– վստահ է Գոհարը։

Գոհարի ավագ աղջիկները՝ Մելինեն և Բիայնան 11 և 10 տարեկան են, որդին՝ Մենուան, 6 տարեկան է, փոքրիկները՝ Սոֆենան և Արգիշտին, 1,5։ Ըստ էության` երեխաները տարիքային 3 խմբի են բաժանվում, ամեն մեկի խնդիրներն ու մոտեցումը յուրովի են. «Մեծ աղջիկներս ինձ հետ են կապված, իրենք շատ բաց են ինձ հետ, ինչը հեշտացնում է իմ գործը։ Ես կարիք չունեմ պեղել իրենց խնդիրները, իրենք ինձ հետ խոսում են դրանց մասին։

Գոհարի ընտանիքը բնակվում է Վահագնի թաղամասում գտնվող երկհարկանի առանձնատանը։ Որպես տանտիկին ևս Գեղեցկուհու տիտղոսակրի աշխատանքը բարդ է, սակայն փորձում է ամեն ինչ անել` լավ տանտիկին լինելու համար. «Ես սիրում եմ փոքր տարածքներ, բնույթով մինիմալիստ եմ, բայց ամուսինս նախընտրեց, որ առանձնատանն ապրենք։

Մեծ տան գործն ավելի շատ է, բայց կարծես ամեն ինչ լավ է։ Հիմնականում սիրում ենք բոլորս մի փոքր տարածքում լինել։ Ես սիրում եմ, որ երեխաներն իրար հետ են լինում, ոչ թե առանձին սենյակներում` ամեն մեկն իր համար։ Կարծում եմ` երեխաները պետք է կենցաղ կիսեն, որպեսզի ավելի մոտ լինեն իրար հետ»։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ