Շարժման դեմքը շուտով կփոխվի, ապագայում պարզ կդառնա, թե ով կլինի նոր առաջնորդը. Լիլիթ Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը ընդդիմությանը համարում է սեզոնային:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած հավաքին, որի ժամանակ նա հայտարարել է հոկտեմբերի սկզբին կրկին փողոցային պայքարը վերսկսելու մասին:

Քաղաքագետը կարծում է, որ Գալստանյանը ինքնուրույն չի գործում, նա պարզապես շարժման երեսն է, որը, ըստ Դալլաքյանի, հավանաբար կփոխվի շուտով:

«Համենայն դեպս Սամվել Շահրամանյանի ակտիվ հարցազրույցները, իրենց կողքին կանգնելը, ասելը, որ Արցախը լուծարված չէ, Ռուբեն Վարդանյանի Բաքվից նամակները (հետաքրքրիր է՝ ինչպե՞ս է նա կարողանում Բաքվի Բանտում տեղեկանալ այստեղի ներքաղաքական իրավիճակից և ինչպես է կարողանում այնտեղից ուղերձներ հղել) ինձ թույլ են տալիս մտածել, որ շարժման դեմքը շուտով կփոխվի, իսկ Արցախի հարցը կշահարկվի»,- նկատում է զրուցակիցը:

Դալլաքյանի համոզմամբ՝ Գալստանյանի առկայությունը զուտ այն հաշվարկով է, որ ցույց տան, թե եկեղեցին ևս այս ամենին սատարում է. «Սա մեր կաթողիկոսի վարած հակահայ քաղաքականության արդյունքն է: Իսկ Գալստանյանը իբրև թե «մաքրամաքուր» հոգևորական է, բայց իրականում իր գործողություններով շատ է վարկաբեկվել: Այնպես որ, իմ կարծիքով, նա չի լինելու շարժման առաջնորդը, ապագայում պարզ կդառնա, թե ով կլինի նոր դեմքը»:

Վերջինս կարծում է, որ ընդդիմադիրների ակտիվացումը նախևառաջ կապված է դրսից ստացած ազդակների հետ:

«Շարժումը թափ կհավաքի այն ժամանակ, եթե ՌԴ-ն վերջնականորեն ցանկանա Հայաստանում իրավիճակը սրել: Մինչ այսօր նրանք դեռ փորձարկումներ էին կատարում՝ շոշափելու համար հասարակության տրամադրությունները, բայց եթե հասկանան, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, իրենք ունեն տարբեր մեթոդներ՝ տնտեսական ճնշումներից սկսած, ավարտած ահաբեկչություններով. 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի փորձը բոլորս հիշում ենք: Ամռանը խնդիրը Փաշինյանին հեռացնելը չէր, ներքին խժդժություններն էին, բայց երբ Պուտինն ունենա այդ ծրագիրը, որը կապված կլինի ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք շրջադարձի հետ, ինչու չէ, նաև Եվրաքվեի նախաձեռնության հետ, եթե կարողանա Վրաստանում իրականացնել իր ծրագիրը, այսինքն՝ շեղել Վրաստանը Արևմտյան ուղուց, արդեն այստեղ ուրիշ մեթոդների կդիմի, և կարևոր չէ՝ 100 հոգի՞ կհավաքվի շարժման շուրջ, թե՞ 1000: Ռուսաստանը այստեղ ունի ականներ և անհրաժեշտության դեպքում պայթեցնելու է դրանք»,- ասում է քաղաքագետը:

Հարցին՝ արդյոք այդքան մո՞տ ենք դիվերսիֆիկացիային, որը Ռուսաստանը փորձում է կանխել, Դալլաքյանը նշում է. «Եթե Փաշինյանն իրոք արդեն գնում է տնտեսական անվտանգության ապահովման, ՌԴ-ից ռազմական առումով կախվածության չեղարկման, կան խոսակցություններ նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման մասին, կամ հանրաքվե են անում ԵՄ անդամակցության հետ կապված, սրանք արդեն լուրջ քայլեր են: Պարզ է, որ Պուտինը հետևում է, եթե այդ քայլերը լրջանում են, ՌԴ-ն այլ ելք չունի՝ ելնելով իր շահերից»:

Բանախոսի համոզմամբ՝ Ռուսաստանը չի կարող «նահանջել», քանի որ եթե կորցնի Հայաստանը, կկորցնի Հարավային Կովկասը, որին հաջորդելու է Հյուսիսային Կովկասի կորուստը:

«ՌԴ-ն դա գիտի, դրա համար չի կարող հեռանալ, համենայն դեպս հանգիստ չի հեռանալու, մենք Պուտինի քաղաքականությունը գիտենք, նա ցանկացած մեթոդի ընդունակ է ՀՀ-ն, Ուկրաինան և այլ հետսովետական երկրները պահելու համար: ՌԴ-ն երբեք հանգիստ չի հեռանա, մանավանդ որ հիմա չի կարող Ադրբեջանին հրահրել, մի տարբերակ ունի՝ ՀՀ-ում իրավիճակը ապակայունացնել»,- եզրափակում է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ