Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

Իսրայելի բանակը՝ «ՑԱԽԱԼ»-ը, պաշտոնապես հայտարարել է, որ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում:

«Հասան Նասրալլահն այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը»,- ասվում է բանակի՝ «X»-ի միկրոբլոգում տեղադրված գրառման մեջ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ իսրայելական իրենց կործանիչները թիրախային հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի կենտրոնական շտաբին, որը տեղակայված է եղել ստորգետնյա հատվածում՝ Բեյրութի Դահիյա թաղամասում գտնվող բնակելի շենքի տակ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հաղորդվել է, որ «Հըզբոլլահ»-ի ողջ բարձրագույն հրամանատարությունը հավաքվել է շտաբում:

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բեյրութին հարվածելու հրամանն անմիջապես ԱՄՆ-ից տվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որից հետո նա լքել է ՄԱԿ-ի գագաթնաժողովի վայրը և վերադարձել հայրենիք։

Նշենք՝ Բեյրութում երեկ տեղի են ունեցել մի շարք ավիահարվածներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ