Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և երկու երկրներն էլ ձգտում են հարաբերությունները կարգավորել:

«Չէի ասի, որ այս հանդիպումն ունի բացառիկ նշանակություն, որ կարող է կտրուկ փոխել բանակցային գործընթացը և Թուրքիայի դիրքորոշումը ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, բայց վկայում է այն մասին, որ երկուստեք ձգտում են հարաբերությունները կարգավորել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է թուրքագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է համամոլորակային քաղաքականություն վարել, իր դիրքը աշխարհում ուժեղացնել, հեղինակությունը բարձրացնել և այդ առումով նրա համար կարևոր է աշխարհին ցույց տալ, որ Հարավային Կովկասում ինքն ունի հնարավորություններ՝ նպաստելու խաղաղության գործընթացին. «Սա է Թուրքիայի ձգտումը, և պետք է ասեմ, որ աշխարհի որոշ երկրներն էլ դա ընդունում են, բառացիորեն Գերմանիայի ԱԳ նախարարը Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Հարավային Կովկասում՝ հարաբերությունների կարգավորման առումով»:

Միաժամանակ, ըստ թուրքագետի, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի տեսլականները տարբեր են:

«Թուրքիան այդ գործընթացին մոտենում է իր ռազմավարական տեսակետից, ավելի մեծ է նայում այդ ամենին, իսկ ո՞րն է դրա առանցքը. նա հասկանում է, որ 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվել է նոր իրադրություն, ՌԴ-ի դերը թուլացել է ՀՀ-ի պարտության պատճառով, իսկ իրենը՝ ուժեղացել, դրա համար էլ վերջինս շահագրգռված է, որ հնարավորինս արագ ստորագրվի պայմանագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որպեսզի այդ նոր իրողությունը փաստագրական լեգիտիմ ձևակերպում ստանա: Իսկ Ադրբեջանը լուծում է ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական խնդիր. Բաքվի համար կարևոր է բանակցությունները ձգձգելը և ՀՀ-ից դրա արդյունքում զիջումներ կորզելը: Եվ երրորդ հանգամանքը, որը շատ պարզ է, Էրդողանը հայտարարել է՝ մինչև չստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիր, Թուրքիան ոչ մի որոշիչ քայլ չի ձեռնարկի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Փաստորեն Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Այնպես որ, եթե այս երեք գործոնները հաշվի առնենք, կարծում եմ՝ Թուրքիան կարող է Ադրբեջանին հորդորել, որ արագացնի պայմանագրի ստորագրման գործընթացը»,- կարծում է Սաֆրաստյանը:

Հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի առաջին դեմքերի հանդիպումից հետո կարո՞ղ ենք սպասել կտրուկ զարգացումների և շրջադարձերի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, թուրքագետը պատասխանում է. «Ադրբեջանը իր դիրքորոշումն ունի, Բայրամովը Նյու Յորքում նորից կրկնեց, որ խաղաղության գործընթացը կապում են ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ, հիմա միանգամից այդ դիրքորոշումից չի կարող հրաժարվել, կարծում եմ՝ կտրուկ փոփոխություն չի լինի»:

Զրուցակցի խոսքով՝ ամեն դեպքում Թուրքիան Ադրբեջանի մեծ եղբայրն է, և եթե շատ ուզի ինչ-որ բան, կարող է պարտադրել Ադրբեջանին, սակայն, ըստ նրա, սա այն հարցը չէ, որ Թուրքիան մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա. «Կարծում եմ, որ Թուրքիան կհորդորի Ադրբեջանին արագացնել գործընթացը, բայց դա կարվի այնպես, որ հրապարակայնորեն չերևա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ