Խաղաղությունը միայն կախված չէ ՀՀ ցանկությունից․ Ռուսաստանի մռայլ ստվերը կանգնած է խնդրի վրա

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Վարչապետի ելույթի առանցքային կետերի շուրջ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Նա նշեց, որ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում իհարկե առանձնացավ հստակությամբ՝ կապված Հայաստանի այս բանակցային դիրքորոշման հետ։

«Ի վերջո այնտեղ նոր բան չկար, բայց հաշվի առնելով, թե դա ինչ ամբիոն էր և ով է լսարանը, այդ ելույթը պետք էր և պետք էր նաև այն համատեքստում, որ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական պրետենզիաները պետք է ընդհանրապես դուրս գան բանակցային գործընթացի խոսույթից, որովհետև դրանք սին են, արդյունավետությանը դեմ և ըստ էության, իրենցից ներկայացնում են պատճառաբանություն, թե ինչու խաղաղության պայմանագիրը Բաքուն պետք է չստորագրի մինչև COP-29-ը։ Վարչապետը փորձեց այդ հարցը լուծել։ Ինչքանով ստացվեց՝ կյանքը ցույց կտա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ դրան գումարվում է նաև եռակողմ հանդիպման փաստը, երբ պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպեցին նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, սակայն այստեղ մի մեթոդաբանական խնդիր կա, որը ևս պետք է լուծվի։

«Այս խնդիրը հարթության վրա լուծում չունի։ Այս խնդիրը լուծում ունի տարածության մեջ։ Ի վերջո չմոռանանք խնդրի ծագումնաբանությունը․ այս խնդրի վրա կախված է Ռուսաստանի մռայլ ստվերը և հնարավոր չէ սենյակի մեջ չնկատել այդ փղին և փորձել հարցը լուծել այդ փղին միայն արհամարհելով, այդպես չի ստացվի»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

Վարչապետն իր ելությում նշել է, որ խաղաղությունն այնքան մոտ է, որ պետք է ձեռքը վերցնել։ Հարցին, թե համաձա՞յն է արդյոք այս ուղերձի հետ և արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Այո՛, համաձայն եմ, իսկ Ադրբեջանը պատրաստ է, թե ոչ, կյանքը ցույց կտա։ Այստեղ հստակ է, թե ինչից է դա կախված։ Առաջինը կախված է նրանից, թե որքանով Հայաստանը հեռու կլինի Ռուսաստանից, որովհետև դրանով է պայմանավորված, թե որքանով ազդեցիկ կլինի Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ