Մարտի 1-ին Արցախից 1000 զինծառայող են բերել ու ՊՆ համազգեստ տվել. նոր՝ ուշագրավ մանրամասներ

Մարտի 1-ի անջատված գործի վարույթը երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան։ Այս որոշումը հրապարակվել է Դատալեքս տեղեկատվական համակարգում, որտեղ բացի իրավական հիմնավորվածության կան նաև ուշագրավ տեղեկություններ։ Մեղադրանքում փաստեր են բերվում, որ Արցախից զինծառայողներ են տեղափոխվել Հայաստան։ 

Որոշման մեջ դրվագներ կան մեղադրանքից, նշվում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ է տեղափոխվել Երևան։ Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Մասնավորապես որոշման մեջ ասվում է. « 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ 0038 հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր»:

Տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր:

Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով:

աղբյուրը՝  CivilNet

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ