Իշխանությունն ընդունեց եկեղեցու հրավերը․ ո՞ր պաշտոնյաները ներկա կգտնվեն Մայր տաճարի վերաօծմանը

Civic.am-ի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կմասնակցի սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը և Հայրապետական Սուրբ Պատարագին։

Արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա գտնվելու մասին առայժմ տեղեկություններ չկան։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում և այդ օրն է ժամանելու Հայաստան։ Եթե նա գրաֆիկով պայմանավորված անհնարինություն չունենա, ամենայն հավանականությամբ կընդունի եկեղեցու հրավերը։

Միաժամանակ ընդդիմադիրները զարմանք են արտահայտում ու բողոքի յուրօրինակ ակցիաներ իրականացնում եկեղեցու դեմ։ Օրինակ Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ չի մասնակցի վերաօծմանը՝ իշխանության ներկայացուցիչների ներկա գտնվելու պատճառով։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ էլ բարձրաձայն արտահայտում են իրենց զարմանքն ու դժգոհությունը՝ ուղղված եկեղեցուն ու կաթողիկոսին, թե ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության հրաժարականը պահանջող եկեղեցին այդ իշխանությանը հրավիրում է Մայր տաճարի վերաօծմանը։

Հիշեցնենք, որ սրանք այն ընդդիմադիրներն են, որոնք մասնակցում և աջակցում, գուցե գխավորում էին այսպես կոչված «սրբազան շարժումը», որի կարգախոսներից էր հաշտությունը, սերը, ճշմարտությունը։ Եվ ահա իբր հաշտություն քարոզող ընդդիմադիրները բոյկոտում են եկեղեցական միջոցառումն ու հրաժարվում նույն վայրում հայտնվել իշխանության ներկայացուցիչների հետ։ Ի դեպ՝ նրանցից շատերն ուղղակի չեն հրավիրվել և մեծ ցանկություն ունենալու դեպքում անգամ՝ չեն կարողանա մասնակցել միջոցառմանը։

Հարկ է նկատել ու ողջունել նաև եկեղեցու կեցվածքը, որ մի կողմ դրեց իր քաղաքական շահերը, դիրքորոշումներն ու այս կարևոր և խորհրդանշական միջոցառմանը հրավեր ուղարկեց իշխանությանը, իսկ իշխանությունը ընդունեց հրավերն ու չնայած եկեղեցու կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին, հրաժարականի պահանջներին, միևնույնն է ներկա կգտնվեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ Սա կարող է հաշտության, միավորման լավ ուղերձ լինել քաղաքացիներին ու պետք է արժանին մատուցել թե՛ եկեղեցուն, թե՛ իշխանությանը։ Լավ կլիներ, որ ընդդիմությունը ևս մի կողմ թողներ իր քաղաքական շահերն ու առանց քննադատությունների, լուտանքների մասնակցեր միջոցառմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ