Ո՞վ էր ծնունդով երևանցի Մետաքսե Հակոբյանին «Եռաբլուր» գործուղել և ինչ նպատակով

Պաշտպանության նախարարության զինվորական հուշահամալիր-պանթեոն «Եռաբլուր»-ը, ցավոք, հանուն հայրենիքի նահատակված զինվորների հիշատակը ոգեկոչելու օրերին վերածվում է ազգային գերեզմանատունը չպատշաճող գործողությունների՝ բողոքի արտահայտման, անեծք-աղաղակի, սադրանքների և բռնության գործողությունների վայրի։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով երևանցի Մետաքսե Հակոբյանն էլ այս տարի՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը որոշել էր պանթեոնում սադրանք հրահրել՝ վիրավորելով պետական արարողակարգի շրջանակներում հուշահամալիր այցելած ՀՀ բարձր ղեկավարությանը։ Սույն տիկինը, որին բնորոշ է խոսքի ցածր, վուլգար մշակույթը, առավոտից այսպես ասած «պահակ» էր կանգնել, որպեսզի ճիշտ պահը որսա ու նողկալի շոու ապահովի պանթեոնում գտնվող ԶԼՄ-ների կամերաների առաջ։

Տիկինը նախ հուշահամալիր ժամանած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղղությամբ նետեց՝ «այ մարդասպան, այ արյան մեջ թաթախված», ապա, որոշ ժամանակ անց, մոտենալով ճեմուղով քայլող Ալեն Սիմոնյանին ու պետական իշխանության այլ ներկայացուցիչների՝ կրկին փորձեց սադրանք իրականացնել՝ նրանց հետ համընթաց քայլելով ու ինչ-որ բառեր նետելով։ Այս սադրանքից հետո տիկինը հարցազրույց է տվել ու հաստատել մեր խոսքերը, որ նպատակը շոու սարքելն էր։ «Ես ընդամենը փաստը արձանագրեցի, ասելով, որ իրենք մարդասպան են, ցեղասպան են, կա՞ ինչ որ ադեկվատ մարդ, որը հակառակը կասի։ Իրենք իրենց փրկիչներ են ներկայացնում, բայց սա արդեն իրենց փրկության պատկերն է, որտեղ մենք արդեն անդադար, արդեն ամսվա մեջ մի քանի անգամ լինում ենք»։

Ակնհայտ է, որ տիկինն ու նրան գերեզմանատուն «գործուղած» սուբյեկտները («Արդարություն» կուսակցությունը, որի խորհրդարանական խմբակցության անդամ էր Հակոբյանը, կապվում է ԼՂՀ ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի անվան հետ, Հակոբյանի ամուսինը՝ Հակոբ Հակոբյանը, սույն կուսակցության համանախագահն է), Լեռնային Ղարաբաղի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հարգելու չէին եկել, այլ անարգելու, իրենց ներսում եռացող ատելության հերթական դոզան իշխանության հասցեին բաց թողնելու համար։

Ի դեպ, Մետաքսե Հակոբյանի կերպարին նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Սա այն ֆիգուրն է, որի առաքելության առաջնային անելիքը բարբաջելն էր՝ (մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո) «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»։ Սա այն պատգամավորն է, որը 2021-ի նախընտրական շրջանում արցախցիների անունից (երևի արցախցի ասելով նկատի ուներ պաշտոն ստացած Վիտոյին՝ Բալասանյան և քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին) ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին սպառնացել էր․ «Փաշինյանը, եթե կյանքի հետ խնդիր ունի, թող գա Արցախ, սիրով սպասում ենք։ ․․․․Փաշինյանը Արցախից ֆիզիկապես հետ չի գա»։

Ի դեպ, երբ civic.am-ը կապվել էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցին՝ ճշտելու, թե ինչպե՞ս են գնահատում իրենց պատգամավորի նման սպառնալից արտահայտությունները, արդյոք նման խոսելոճը էթիկայի խախտում չէ, վերջինս նկատել էր՝ «քաղաքականության տեսանկյունից չի ողջունում նման «ուլտրա» հայրենասիրական խոսակցությունները», ապա հավելել․ «Վերջերս մեր որոշ հայրենակիցներ սիրում են ազգի անունից խոսել։ Որոշ քաղաքացիներ, որոշ պատգամավորներ գուցե տեռորիստական խմբերի անդամներ են դարձել»։ Չենք բացառում, որ Հակոբյանն, իրոք, եթե ոչ տեռորիստական, ապա «5-րդ շարասյան» «հատուկ նշանակության» ջոկատի անդամ լինի։ Ով գիտե։

Սա այն պատգամավորն է, որը 44-օրյա պատերազմից հետո ամենանողկալի բառապաշարով նզովել էր ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքներին՝ չհանդուրժելով նաև նրանց զավակներին (նիկոլ, արայիկ հավերժ անիծված եք… դուք սատկելու իրավունք չունեք… դուք պիտի տառապեք՝ տեսնելով ձեր երեխաների չապրելը…), սա այն պատգամավորն է, որը 44-օրյայից հետո իր ամուսնու հետ միասին պահանջում էր ԼՂՀ նախագահի և ՀՀ վարչապետի հրաժարականը։ Նա ԼՂՀ-ի բլոկադայի ժամանակ՝ հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից առաջ էլ էր, ջերմեռանդորեն պահանջում նույն Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու պնդում՝ «Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր աթոռը չսասանվի՝ գիտակցելով, որ Արցախի փրկությունը դերակատարների փոփոխությունների մեջ է»։ Նա այն պատգամավորն էր, որը կողմ է քվեարկել Սամվել Շահրամանյանի նախագահ ընտրվելուն։ Իսկ երբ ԼՂՀ-ն իր սիրելի խաղաղապահների աչքի առաջ բռնի տեղահանվեց, ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ գերեվարվեց, ՀՀ վերադառնալուց հետո հարցազրույց էր տվել ու կցկտուր ինչ-որ բաներ բարբաջել «ժանտախտի ժամին» տեղի ունեցած «խրախճանքի»՝ Հարությունյանին հրաժարական պարտադրելու և հումանիտար ճգնաժամում հայտնված երկրում նոր նախագահ ընտրելու մասին։ Ի դեպ, տիկինն ասում էր, թե Արայիկ Հարությունյանին իրեն երբեք թշնամի չի համարել, թեև ունեցել է խիստ հակասություններ։ Նաև, որ «մեկօրյա ճակատամարտը» «պլանավորված» էր, բոլորին ակնհայտ էր, որ նման բան սպասվում է, ինչի մասին վկայում էին ադրբեջանական զինուժի կուտակումները։

Ծնունդով երևանցի, 4 զավակի մայր Մ. Հակոբյանը, նշենք, մինչև պատգամավոր դառնալը՝ 2014-2020թթ., եղել է ԱՀ ԿԳՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ, 2019թ.-ից համատեղությամբ մաթեմատիկա է դասավանդել Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:

Ի դեպ, Մ․Հակոբյանը, նրա ամուսինն ու դուստրերից մեկը ՀՀ ընտրող են։ ԿԸՀ ընտրողների ռեգիստրից պարզեցինք, որ Հակոբյանները գրանցված են Կոտայքի մարզի Զովունի համայքում։

Տեղեկություն ունենք, որ Հակոբյանը դեռ ԼՂՀ-ի բլոկադայի օրերին ՀՀ-ում անշարժ գույք է ձեռք բերել։ Տեղեկությունը ստուգելու համար կդիմենք պատկան մարմիններին։

Հ․Մ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ