Ալիևը որդուն, ըստ ամենայնի, պատրաստվում է նշանակել Ադրբեջանի երկրորդ փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խորհրդակցություն է անցկացրել երկրի տնտեսական հարցերի վերաբերյալ։

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, նստած է երկրորդ փոխնախագահի աթոռին։ Ըստ արարողակարգի՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ վարչապետն ու նրա տեղակալները պետք է նստեն նախագահի ձախ կողմում, իսկ փոխնախագահները՝ աջ կողմում։ Քանի որ առաջին տեղում նստած է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այն աթոռը, որտեղ նստած է Հեյդար Ալիևը, ըստ ամենայնի, նախատեսված է երկրորդ փոխնախագահի համար։

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում արդեն ակտիվորեն քննարկվում է պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիևի մասնակցությունը խորհրդակցությանը։ Նշենք, որ Ադրբեջանում 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջին փոխնախագահի ու փոխնախագահների պաշտոններ են ստեղծվել։ 2017 թվականի փետրվարին Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է առաջին փոխնախագահի պաշտոնում։

Ադրբեջանում այս տարի փետրվարին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից ու կառավարության կազմի նշանակումից հետո, ի դեպ, Մեհրիբան Ալիևի վերանշանակում չի եղել։ 2017-ից մյուս փոխնախագահների պաշտոնները շարունակում են մնալ թափուր մինչ օրսս։

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևն այս տարեսկզից սկսել է որդուն նախապատրաստել քաղաքական ակտիվ գործունեության՝ իր հետ մի շարք պաշտոնական միջոցառումների տանելով։ Ադրբեջանում հատկապես բուռն քննարկվում էր հունվարին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բեն Զաիդ ալ-Նահյանի պատվին տրված ընդունելությանը Հեյդարի Ալիևի մասնակցությունը։ Պաշտոնական միջոցառմանն Ալիևը մասնակցել էր ոչ թե կնոջ, այլև առաջին անգամ որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ