Պետք է դուրս գալ ստից՝ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի», հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղությանը. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը որակում է մեկ քայլ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին։

Ըստ նրա՝ երկու երկրները ցույց տվեցին, որ հարաբերությունների լավացման մասով աշխատանք տարվում է, մնում է միայն ցուցաբերել քաղաքական կամքը։

«Միայն թե Թուրքիայի դիրքորոշման մեջ դեռևս շարունակվում է ընդգծված մնալ կամ խոսքում ընդգծվել այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կախված է ամենից շատ հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Սակայն հայկական կողմը պետք է հակադարձի Թուրքիային և նկատի, որ եթե խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումից, ապա այդտեղ չպետք է լինի որևէ նախապայման անգամ կողմերից մեկի որևէ երրորդ պետության հետ հարաբերությունների հետ կապված։ Բայց եթե Թուրքիան խոսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, ապա կարող է ազդեցություն ունենալ նաև այդ հարաբերությունների ընթացքի վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այսինքն՝ Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս դա չի որակում որպես նախապայման, մանրամասնում է Մկրտչյանը, միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայկական կողմն է դա նախապայման դիտարկում․ «Այս առումով պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայի կողմից ամեն ինչ կապվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Մեր դիվանագիտությունը դա կոտրելու համար պետք է կոնտր քայլեր ձեռնարկի։ Ամեն դեպքում այդ քայլերը կան․ հայ-թուրքական սահմանի վրա ահռելի աշխատանք է կատարվել։ Մարգարայի անցակետը մեր դեպքում արդեն պատրաստ է, վստահ եմ՝ թուրքական կողմում էլ է այդպես։ ԼՂ հարցով թուրքական կողմի սկզբունքային պահանջը փարատված է, իսկ Ադրբեջանի համար ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծված է։ Հայկական կողմը չի ընդդիմացել դրան՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ընդգծել է Թուրքիան։ Դա ևս որոշակի առաջընթաց է, ինչը նախկինում չէինք կարող սպասել Թուրքիայից»։

Վերջինս ընդգծում է՝ նկատելի պետք է լինի նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի բառապաշարը Հայաստանի հետ շփումներում փոխվել է՝ չնայած նրան, որ ՀՀ-ում առկա որոշ ուժեր այդ փոփոխությունը չեն տեսնում։ Հենց այդ բառապաշարի վրա աշխատելով՝ հայկական կողմը հնարավորություն ունի խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ասում է զրուցակիցը։

«Բազմիցս ասել եմ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին բխում է ՀՀ շահերից։ Պետք է դարակազմիկ ստից դուրս գալ՝ «Ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորումը կնպաստի, որ ավելի արագ ունենանք խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հակառակ դեպքում կստացվի, որ Թուրքիան միայն հայտարարությունների մակարդակում է պատրաստ կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները, իսկ դրանից դուրս աջակցություն է հայտնում ու քաջալերում Ադրբեջանին, որպեսզի նա էլ տորպեդահարի խաղաղության պայմանագրի բանակցությունները»,- մանրամասնում է նա։

Քաղաքագետը շեշտում է, որ ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը դրական են գնահատում նաև քաղաքակիրթ աշխարհն ու հավաքական Արևմուտքը, ինչը չի կարելի ասել Հյուսիսում գտնվող ՀՀ «բարեկամի»՝ ՌԴ-ի մասին։

Մկրտչյանի խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում մնում է միայն այդ հիմքերով, թե դեռ կարգավորված չեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարգավորումից հետո տարածաշրջանում մնալու այլ պատճառ չի ունենա․ «Հանդիպումը քննադատում է ՀՀ ընդդիմությունը, կոպիտ կհնչի, բայց «գլուխները պատով են տալիս»։ Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը իսկապես հանդիպում էր հայ-թուրքական հարաբերության ֆոնին։ Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ փափագում է Հայաստանին տեսնել Միութենական պետության կազմում, անկախությունն էլ սակարկման առարկա դարձնել»։

Հայաստանյան ընդդիմությունից բացի, երկու երկրների ղեկավարների հանդիպմանը խանդով կարող է արձագանքել ադրբեջանական կողմը, համոզված է զրուցակիցը։ Բայց եթե Թուրքիան տարածաշրջանում իսկապես հետապնդում է խաղաղության հաստատումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը, ապա դրա ճանապարհին պետք է նպաստի նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ Էրդողանի կողմից Փաշինյանին իր հեղինակած գիրքը նվիրելուն, որը կոչվում է «Ավելի արդար աշխարհ հնարավոր է», և որի նկարագրության մեջ նշվում է, որ, հիմնվելով «հինգից մեծ աշխարհի» փիլիսոփայության վրա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած գրվածքն ուսումնասիրում է ՄԱԿ-ի պարտականությունները՝ ապահովելու կայուն և արդար աշխարհը, Մկրտչյանը կարծիք է հայտնում․ «Ընկալելի չէ նման գիրք ստանալ Թուրքիայի նախագահից, այն էլ այն պարագայում, երբ այնտեղ խոսք կա ՄԱԿ հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին. քանի որ Թուրքիայի նախագահը այն անձը չէ, որ դրա մասին պետք է խոսի ու գրի, հետո էլ դա նվիրի, հատկապես Լեռնային Ղարաբաղում ռուսների հետ իրականացրած փայլուն օպերացիայից հետո, երբ էթնիկ հայերը սեփական բնօրրանում ապրելու իրավունքից զրկվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիրքը ընթերցելուց հետո իր տպավորություններով, կարծում եմ, կկիսիվի ՀՀ քաղաքացիների հետ, եթե հարկ համարի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ