Էրդողանը որոշակի տեղ թողեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կապում հայ-ադրբեջանականի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում «Թուրքական տանը» հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Թուրքագետ Նելլի Մինասյանը կարևորում է ոչ թե հանդիպման վայրը, այլ բովանդակությունը՝ նկատելով, որ Էրդողանը իր հանդիպումները հիմնականում ունենում է հենց «Թուրքական տանը»։ Բովանդակությանն անդրադառնալով՝ թուրքագետը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում սկսված գործընթացում, որը, ըստ էության, կանգ է առած, ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար չեն ածվում, այս հանդիպումը պետք է գնահատել որպես կարևոր։

Նրա կարծիքով՝ շեշտադրումը ավելի շատ կատարվել է հենց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

«Էրդողանը ՄԱԿ-ում իր ելույթում առաջին անգամ դիվանագիտական առումով որոշակի տեղ թողեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կապում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Վերջում նշեց, որ կողմերը հավատարիմ են մնում առանց նախապայմանների գործընթացին»,- ասաց Մինասյանն ու ևս մեկ կարևոր դիտարկում արեց՝ շեշտելով Քըլըչի այցը Ռուսաստան ու Ադրբեջան։

«Իմ կարծիքով՝ Թուրքիան փորձեց շոշափել Ադրբեջանի և Ռուսաստանի տրամադրությունները, և որոշակի գործընթաց կա, ու շատ հնարավոր է, որ առաջիկայում տեսնենք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում»,- ասաց նա։

Դրանց կատարման համար, ըստ նրա, կարող է հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության պայմանագրի 80 տոկոս պատրաստ լինելը։

ԵՄ դիտորդների՝ Մարգարա անցակետ այցը ևս կարող է կապված լինել այդ պայմանավորվածությունների կատարման հետ։ Նելլի Մինասյանը նկատեց, որ Արևմուտքից՝ մասնավորապես Միացյալ Նահանգներից ճնշում կա Թուրքիայի վրա։ Այդպիսի ճնշում կա նաև Թուրքիայի ներսում։ Ընդդիմությունը ևս խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել երրորդ երկրի հետ, այդ հարաբերությունները պետք է արդեն կարգավորվեն երկկողմ ձևաչափով։ Մինասյանը այս հարցում որոշակի կոնսենսուս է նկատում։

Անդրադառնալով խաղաղության խաչմերուկին Թուրքիայի դիրքորոշմանը, որը վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր Էրդողանին ու բուկլետը նվիրել Էրդողանին՝ փոխարենը որպես նվեր ստանալով Էրդողանի հեղինակած «Ավելի արդարացի աշխարհը հնարավոր է» գիրքը, Մինասյանն ասաց, որ այդ գիրքը Թուրքիայի նախագահը վաղուց է տպագրել ու շատերին է նվիրել, այդ թվում՝ ՌԴ նախագահին։ Թուրքագետը այս նվերը որպես դիվանագիտական ժեստ դիտարկեց։ Խաղաղության խաչմերուկն էլ նոր բան չէ, այն ողջ աշխարհին ներկայացվել է, այդ թվում՝ Թուրքիային։ «Էրդողանի խոսքի մեջ մյուս կարևոր նրբությունն այն էր, որ նա առաջին անգամ խոսեց տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների անձեռնմխելիության մասին։ Սա շատ կարևոր դիտարկում է: Բացի դրանից՝ վերջին շրջանում Թուրքիան ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերում միջանցքային խոսակցությունների հետ կապված։ Իհարկե, սա չի նշանակում, որ նա իր ռազմավարական ծրագրերից հրաժարվել է, այլևս չի ուզում այնտեղ վերահսկողություն ունենալ և այլն, բայց որոշակի փոփոխություն կա նրա հռետորաբանության մեջ։ Այսինքն՝ եթե դա ընդունելի նախագիծ դառնա աշխարհի համար, ու խոշոր պետությունները սկսեն ներդրումներ կատարել այդ նախագծում՝ Թուրքիան ևս, իմ կարծիքով, հետաքրքրություն կցուցաբերի որոշակի ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Մինասյանը։

Նրա կարծիքով՝ այդ ճանապարհի վրա Թուրքիան ավելի շուտ կհամաձայնի ռուսական, քան արևմտյան վերահսկողության հետ։ «Եթե Թուրքիան հնարավորություն ունենա՝ կփորձի այնպես անել, որ այնտեղ հնարավորինս քիչ հայկական վերահսկողություն լինի, հակառակը՝ ինքն ունենա վերահսկողություն։ Նայած թե քաղաքական կոնսենսուսը խոշոր տերությունների միջև ինչ հանգուցալուծման կհանգի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ