Իմ ընկալմամբ՝ հանդիպման նախաձեռնողը եղել է Էրդողանը, որովհետև պետք էր ցույց տալ, որ պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Սաֆրաստյան

«Ես չեմ կարծում, որ այս հանդիպումը կունենա շատ կարևոր նշանակություն: Սա ավելի շուտ դիվանագիտական նշանակություն կունենա. երկու երկրները վերահաստատում են, որ ձգտում են հարաբերությունները կարգավորել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Տարածված հայտարարության տեքստում նշվում է, որ կողմերը հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու են առանց նախապայմանների. «Դիվանագիտությունն ու իրական քաղաքականությունը շատ դեպքերում իրարից տարբերվում են: Իրականությունն այն է, որ Թուրքիան այդ նախապայմանները պահպանում է, իսկ Հայաստանն իր գոյության առաջին օրվանից հայտարարել է, որ ինքը պատրաստ է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Հիմա Թուրքիան էլ է սկսել այդ արտահայտությունն օգտագործել, բայց մենք իրականում տեսնում ենք, որ այդ նախապայմանները մնում են: Այստեղ իհարկե, մենք պետք է հաշվի առնենք հետևյալ հանգամանքը, որ Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով հենց նույն Էրդողանի շուրթերից հնչել է հայտարարություն, որ մինչև Հայաստանը և Ադրբեջանը չստորագրեն խաղաղության պայմանագիր, մեր կողմից ոչ մի կարևոր քայլ չի լինի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով: Թուրքիայի այս մոտեցումը պահպանվել է, չի փոխվել և ես համոզված եմ, որ այս հանդիպումից հետո չի փոխվի»,- նշեց Սաֆրաստյանը:

Էրդողանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը: Անդրադառնալով այս փաստին՝ թուրքագետն ասաց. «Իմ ընկալմամբ՝ այս հանդիպման նախաձեռնողը եղել է Էրդողանը, որովհետև նրան պետք էր Նյու Յորքում մի կողմից ցույց տալ, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, մյուս կողմից, որ Թուրքիան Հարավային Կովկասում ունի կարևոր դեր, Էրդողանին այդ հանդիպումը դրա համար էր պետք: Ինչու է Էրդողանը հենց այդ գիրքը նվիրել. այդ գիրքն արտահայտում է Թուրքիայի մոտեցումները, արդեն մոտավորապես 10 տարուց ավել Էրդողանը կրկնում է, որ աշխարհն ավելի մեծ է, քան թե հինգը: Այսինքն Էրդողանը նկատի ունի, որ պետք է բարենորոգումներ կատարվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների ցուցակում, պետք է ավելի շատ լինեն մշտական անդամները և Թուրքիան հավակնում է, որ ինքը լինի այդ նոր երկրների ցանկում, որոնք պետք է համալրեն ՄԱԿ-ի ԱԽ-ի վետոյի իրավունք ունեցող երկրների թիվը: Մոտ երկու օր առաջ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարեց, որ իրենք արդեն սկսում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բարենորոգումը, որ նոր երկրներ պետք է ներգրավվեն, այնպես որ Թուրքիան կուզենա այդտեղ ինչ-որ մի ձև սողոսկել: Այն գիրքը, որը նվիրել է, հենց այդ խնդիրներին է վերաբերում, այդ հանդիպման նպատակն էլ որոշ չափով Թուրքիայի այդ ամբիցիաները սպասարկելն է»:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա: Սաֆրաստյանի խոսքով՝ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան չի գնա հարաբերությունների լիարժեք կարգավորման. «Այսօրվա դրությամբ կարծում եմ, որ Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կարգավորման, նույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: Իհարկե, ինչ-որ քայլեր կձեռնարկի, բաց հարաբերությունները լիովին չի կարգավորի, որովհետև Թուրքիան կպահի ինչ-որ միջոց Հայաստանի վրա ճնշում գործադրելու, որ ՀՀ-ի կողմից զիջում ստանա «Զանգեզուրի միջանցք»-ի խնդրում: Պատահական չի, որ այդ խնդիրը դուրս է թողնվել հայ-ադրբեջանական պայմանագրից, դա ավելի շատ Թուրքիային է պետք: Թուրքիայի համար երկրորդ խնդիրը կլինի այդ հարցը լուծել այնպես, ինչպես ինքն է ուզում, այսինքն՝ միջանցքի տրամաբանությամբ»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելուն՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Դա նախագիծ է, որը մինչև իրականություն դառնա, բավական ժամանակ կպահանջվի, որովհետև պետք է տարածաշրջանում իսկապես հաստատվի այդ համագործակցության մթնոլորտը, որը ժամանակ է պահանջում: Թուրքիան ունի իր տեսլականը, որն է՝ դառնալ աշխարհի խոշոր պետություններից մեկը, Հայաստանն էլ իր տեսլականն է ներկայացրել, որը կապված է «Խաղաղության խաչմերուկ»-ի հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ