Եթե գնում ես երկրի ղեկավարի հետ հանդիպման, պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ գնա՞ս. Թունյան

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մեջ ինձ տպավորել է այն, որ ՀՀ վարչապետը նրան ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» փաստաթուղթը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչպես էր պահել գիրքը։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են»,- նշեց նա:

Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:

«Դա մեր նպատակն է, ու եթե հաջողի, ՀՀ-ն դրանից միայն կշահի, իսկ գիրքը պահել-չպահելը երկրորդական հարց է: Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա»,- ընդգծեց Թունյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ